Իր կառուցվածքով և առաջադրանքների բազմաբովանդակությամբ հետաքրքիր ժողովածու, որն իր մեջ ընդգրկում է 6-12-րդ դասարանների աշխարհագրության դասընթացին վերաբերող բազմաթիվ առաջադրանքեր։
«Աշխարհագրությունը քո ձեռքերում» ձեռնարկի հեղինակները Մանկավարժական համալսարանի շրջանավարտներ Լիլիթ Նաղդալյանն ու Արտակ Սիմոնյանն են։ Վերջիններս հարազատ կրթօջախում էին՝ ներկայացնելու ժողովածուն, որը ուսուցիչների համար կլինի լավագույն օգնական՝ թեմատիկ և գործնական աշխատանքներ կազմելու, իսկ աշակերտներին կօգնի ամրապնդել գիտելիքները։
Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ Վարդուհի Հովհաննիսյանը հանդիպումը աշխարհագրական փոքրիկ տոն է համարում․ ամբիոնում կարևորում են սերունդների կապը, երկխոսությունն ու շարունակականությունը։
Այսօր արդեն փորձառու ուսուցիչներ Լիլիթ Նաղդալյանին և Արտակ Սիմոնյանին բուհի լավագույն շրջանավարտներից են։ Վարդուհի Հովհաննիսյանն ընդգծում է՝ նրանց աշակերտներն օլիմպիադաներում ցուցաբերում են բարձր արդյունքներ, իսկ որոշներն էլ համալրում Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշակերտների շարքերը։
Գրքի համահեղինակ Լիլիթ Նաղդալյանը հասցրել է տարբեր դպրոցներում աշխատել․ իր մասնագիտական գործունեությունում առանձնացնում է հատկապես Արցախում դասավանդման շրջանը։ Ներկայացնելով 3 մասից բաղկացած ուսումնաօժանդակ ձեռնարկը, որ ստեղծել է կուրսընկերոջ հետ համագործակցությամբ, աշխարհագրության ապագա ուսուցիչներին վստահեցնում է՝ գիրքը կդյուրացնի դպրոցում դասավանդման գործընթացը։ Գրքում ներառված են հասկացություններ, փաստեր, խնդիրներ, թեստային աշխատանքներ, քարտեզագրական առաջադրանքներ և այլն։
Արտակ Սիմոնյանը մեծ պատիվ է համարում ուսանողի կարգավիճակից դուրս հարազատ միջավայրում, սիրելի կրթօջախում հյուրընկալվելը․ կառույցն իր արժեհամակարգով անջնջելի հետք է թողել կյանքում։ Խոստովանում է՝ դժվար տրվեց գիտակցումը, որ այևս բուհի շրջանավարտ չէ․ ավարտելուց հետո որոշեց որպես հայցորդ գիտությամբ զբաղվել կրկին Մակավարժականում։
Նա անկեղծանում է՝ լինելով երիտասարդ մասնագետ, փորձել է իր համեստ լուման ներդնել բուհի և առարկայի զարգացման մեջ․ աշակերտներից շատերի մոտ արթնացրել է սեր դեպի աշխարհագրությունը, նրանք էլ համալրել են բուհի ուսանողների շարքերը։
«Աշխարհագրութունը գիրք է, որի էջերը բացվում են ամեն քայլափոխի»,- ասում է Արտակ Սիմոնյանն ու հավելում՝ աշխարհագրությունն առանձնահատուկ արժեք է իր համար․ այն աշխարհընկալման, աշխարհաճանաչողության, միջավայրաստեղծ գիտություն է, որի միջավայրում զարգանում են մնացյալ գիտությունները։
Արտակ Սիմոնյանը հավելում է, որ սկզբնական շրջանում որոշել էին՝ ժողվածուն պետք է լինի խնդրագիրք։ Արդյունքում ստացվեց դպրոցական դասաժամերի համար նախատեսված առաջադրանքներով և ուսուցիչների կամավոր ատեստավորմանը օժանդակող ընդգրկուն և օգտակար ձեռնարկ։
«Ոչ միայն հաստափոր, այլև ծանրակշիռ»,-ժողովածուի վերաբերյալ ասում է Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ներսես Սամվելյանը։
Վերջինս նկատում է՝ թյուր կարծրատիպ կա, թե դպրոցի ուսուցիչը սահմանափակվում է միայն դասավանդմամբ։ Այսօր ունենք փայլուն օրինակ, որ ապացուցում է հակառակը․ գործող ուսուցիչներ, որ կրթելով, դաստիարակելով մատաղ սերնդին, ստեղծագործում են և ստեղծում մնայուն արժեք, մեծագույն հարստություն սերունդների համար։
Ներսես Սամվելյանը կարևորեց նաև , որ ժողովածուում աշխարհագրությունը ներկայացված է որպես մեկ միասնական համակարգ։
Հանդիպման ընթացքում եղավ երկխոսություն, հարց ու պատասխան։