ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ուսանողն արժանացել է ՀՀ ՊՆ պատվոգրի
16.10.2024
ՀՊՄՀ ուսանողն արժանացել է ՀՀ ՊՆ պատվոգրի

ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Նշան Մարգարյանն արժանացել է ՀՀ Պաշտպանության նախարարության պատվոգրի։

Շարքային Մարգարյանը պարգևատրվել է սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 4-ն անցկացված վարժական հավաքների ընթացքում ունեցած անձնական ներդրման, ցուցաբերած լավագույն արդյունքների համար:

Նշան Մարգարյանը ծառայել է Կապանում, մեկ տարի առաջ է զորացրվել․Սիսիանում մասնակցել է 25-օրյա վարժական հավաքի, որից 14-ը մարտական հերթապահություն անցկացրել դիրքերում՝ Իշխանասարում։

aspu.am-ի հետ զրույցում խոստովանում է՝ չէր հասցրել մոռանալ ծատայությունը, երբ մեկնեց վարժական հավաքի․ արդեն ավելի գիտակից ու պատրաստված․ գիտեր՝ ուր է գնում և ինչու։

Նշանը հենց սկզբից աչքի է ընկավ որպես հրաձիգ՝ կրակային պատրաստության արդյունքներով, ապա մարտական դիրքերում՝ օրինապահությամբ և գիտելիքներով։

Ապագա աշխարհագետը կարծում է, որ մասնագիտությունը ևս օգնել է վարժական հավաքների ընթացքում․ տեղանքին, պայմաններին, ռելիեֆին նայել, ուսումնասիրել է մասնագետի աչքով․ անգամ վաղօրոք գիտեր՝ քամին որ կողմից է փչելու։

Նշան Մարգարյանը թշնամուն տեսել է 5 մետր հեռավորությունից, «շփվել» նրա հետ, սակայն կարողացել է հաղթահարել վախն ու այնպես անել, որ հակառակորդը հետ քաշվի։

Ապագա մանկավարժը բուհն ավարտելուց հետո պատրաստվում է աշխատել մասնագիտությամբ․ ասում է՝ այսօր մեզանում պակասել է հայրենասիրական ոգին։ Կարծում է, որ դա կարող է լրացնել մանկավարժը․ ինքն էլ իր դասի փոքրիկ մի հատված անպայման նվիրելու է հայրենասիրություն սերմանելուն և ազգային ոգին բարձր պահելուն։