ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ուսանողների ֆիլմն առաջին տեղն է գրավել
27.09.2019
ՀՊՄՀ ուսանողների ֆիլմն առաջին տեղն է գրավել

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի կինոօպերատորության բաժնի 1-ին կուրսի ուսանողներ Մարիա Սարգսյանը և Մուշեղ Խաչատրյանը մասնակցել են Երևանի Թումո կենտրոնում Վահե Ֆատալի կազմակերպած արվեստի տարբեր ոլորտներ ընդգրկող մրցույթին:

Արվեստի յուրաքանչյուր ճյուղում ընտրվել են 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողներ:

Մեր ուսանողների ներկայացրած վավերագրական ֆիլմը մրցույթում 1-ին տեղն է գրավել՝ մեկուկես միլիոն մրցանակային ֆոնդով: Այն վերնագրել են «Սա Մայքն է»:

Ֆիլմը մի հայ տղայի մասին է, որն աղբից, անպետք իրերից դեկորացիաներ է պատրաստում միջոցառումների համար: Այդ տղան Միշկա Բատիչկան է: Նա հայերեն չգիտի, խոսում է ռուսերեն: Ֆիլմի հերոսը հայերեն միայն մեկ բառ է ասում ֆիլմում՝ բարև:

Մուշեղն ու Մարիան չէին սպասում, որ կհաղթեն, բայց մի թաքուն հույսով փորփրում էին համացանցը… Եվ ահա, հենց համացանցից իմացան, որ առաջին մրցանակ են ստացել:

Երկուսն էլ ապրում են Երևանում: Մուշեղն ապրիլյան պատերազմի մասնակից է: Լավ ընկերներ են, իսկ Մանկավարժական համալսարանում այդ ընկերությունը համագործակցությամբ է ամրապնդվել: Պակաս դեր չի խաղացել նաև կուրսղեկ Շավարշ Վարդանյանը, որն արցախյան պատերազմի, նաև Շուշիի ազատագրման մասնակից է, բազմաթիվ ֆիլմեր ունի պատերազմի մասին:

Ուսանողները որոշել են մրցանակային գումարով նոր տեխնիկա գնել և իրականացնել իրենց բոլոր մտահղացումները: