ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ուսանողները՝ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներ
09.01.2023
ՀՊՄՀ ուսանողները՝ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներ

Ամփոփվել են 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները. մրցույթն անցկացվել է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ ոլորտներում։

Հայագիտության ոլորտում 2-րդ և 3-րդ հորիզոնականներն են զբաղեցրել ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի 4-րդ և 2-րդ կուրսի ուսանողներ Մերի Առաքելյանն ու Կարլեն Նազարյանը, իսկ մշակույթ-սպորտ ոլորտի 3-րդ հորիզոնականը ՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Գոռ Մելիքսեթյանը։

ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող Է ճանաչվել 33 ուսանող. մրցանակային ֆոնդը կազմել է 12 միլիոն դրամ:

Հաղթողները որոշվել են հավաքած առավելագույն միավորների քանակով՝ ըստ 3-10 միավորանոց գնահատման սանդղակի: Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվել ուսանողի առաջադիմությունը և ոլորտում ըստ հերթականության ներկայացված չափանիշները:

«Տխրեցնող լուրերի ու մտահոգ անցնող օրերի պտույտում, երբ վտանգված են մեր երկրի սահմանները, երբ Արցախը կանգնած է հումանիտար աղետի առաջ, հաղթանակները, որոնք երկարատև աշխատանքի, համառ ու աննկուն պայքարի արժեք ունեն, սովորեցնում են լուռ ու առանց խոսքերի ապրել հաջողությանդ պահերը։ Այն, ինչ անում ու դեռ անելու ես, Հայրենիքդ է, որովհետև այն, ինչ դու ես անում, հայկականն է ու հայագիտականը։ Շնորհակալ եմ Մանկավարժական մայր բուհին՝ կրթելու և արժեքներ փոխանցելու համար»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Կարլեն Նազարյանն ու հավելեց՝ հայագիտության ոլորտում տարվա լավագույն ուսանող ճանաչվելը ոչ թե հաղթանակ, պահ կամ հաջողություն է, այլ՝ խոստում։

Համաձայն ընթացակարգի՝ մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:

1-ին տեղը զբաղեցրած 13 ուսանողի կշնորհվի 458.000-ական դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած 12 ուսանող կստանա 348.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 8 ուսանողի կշնորհվի 233.000-ական դրամ կրթաթոշակ:

Նշենք, որ «Լավագույն ուսանող» մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում, նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտների աշխատանքներում, ինչպես նաև խթանել մրցակցությունը: