Մանկավարժական համալսարանի 5 ուսանող հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 5-ը Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանում մասնակցեց «Հոգեբանական գիտելիքի ճակատներ» միջազգային աշնանային դպրոցին։
Մոսկվայում անցկացրած մեկ շաբաթը գերհագեցած էր կրթամշակութային տարբեր բնագավառներում միջոցառումներով և այցերով։
«ՀՊՄՀ-ի և Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ անցկացվող միջազգային գիտական դպրոցները խորհրդանշում են երկու կառույցների համագործակցությունը և գործընկերության անբաժան մաս են կազմում։ Նախորդ տարիների փորձը, Հայաստանի և Ռուսաստանի ուսանողների դրական արձագանքները ցույց են տալիս, որ նման դպրոցները մեծ արժեք ունեն մասնակիցների համար։ Երկու բուհերի միջև ամենամյա ուսանողական ծրագրերը թույլ են տալիս փոխանակվել կուտակված լավագույն փորձով»,- աբովյանականներին ողջունելով՝ նշեց Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի Միջազգային կապերի բաժնի ղեկավար Շուշանիկ Ուսուբյանն ու հավելեց, որ ուրախ են չորս տարի անց կրկին հանդիպել ծրագրի շրջանակում, որը կասեցվել էր հայտնի պատճառներով։
Աշնանային դպրոցի շրջանակներում Մանկավարժականի ուսանողները եղան Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանում, ծանոթացան բուհի կազմում գործող մի շարք կառույցերի և բաժինների գործունեությանը։
Նրանք այցելեցին «Ռուբլևո» ուսանողական կենտրոն, եղան նյարդաճանաչողական հետազոտություններ գիտակրթական, ուսուցիչներին աջակցող գիտամեթոդական, աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաներին համապարփակ աջակցության կազմակերպման դաշնային ռեսուրս-կենտրոններում, փորձարարական հոգեբանության ինստիտուտում և այլն։
Ուսանողները մասնակցեցին նաև բուհի առաջատար դասախոսների դասախոսություններին՝ «Կամավորությունը որպես քաղաքացիական հասարակության զարգացման գործոն», «Սուիցիդալ վարքագծի հոգեբանություն» թեմաներով, ինչպես նաև՝ «Սոցիալ-մշակութային ուսուցման ներածություն» թեմայով դասընթացին և «Միջմշակութային հաղորդակցություն» թեմայով աշխատաժողովին:
Այցի շրջանակներում ՀՊՄՀ ուսանողները ներկա գտնվեցին «Մենթորությունը մանկավարժական և գիտական գործունեությունում.հետազոտություններ և պրակտիկա» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում կազմակերպված «Մենթորի դերը երիտասարդ հետազոտողի մասնագիտական զարգացման գործում» կլոր սեղանին: Ի դեպ, համաժողովին առցանց մասնակցում էր նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։
Կրթական հարուստ ծրագրից բացի, դպրոցի մասնակիցներն ունեցան նաև մշակութային այցեր․ վայելեցին զբոսանքը Մոսկվայի պատմական վայրերում, այցելեցին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, եղան մի շարք թատրոններում։
ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի մագիստրոս Տաթևիկ Հարությունյանը տպավորված է վերադարձել միջազգային աշնանային դպրոցից։ Այցը կարևորում է նաև գիտելիքներ ձեռքբերելու, մասնագիտական աճի տեսանկյունից․առաձնակի ուշադրություն է գրավել աուտիկ սպեկտրի երեխաների համար նախատեսված դպրոցը, որի հիմնական նպատակը երեխաների ադապտացումն է կյանքին, իսկ որոշ դեպքերում նաև սեփական կարիքները հոգալ սովորեցնելը։
Տաթևիկ Հարությունյանը aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ կուզեր Մանկավարժականում ևս ուսանողների համար լիներ հանգստի և արտահամալսարանական աշխատանքների համար նախատեսված հատված, ինչպես նաև հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորություն՝ ինչպես Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանում։
Աշնանային դպրոցի պաշտոնական փակմանը Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի Միջազգային կապերի բաժնի ղեկավար Շուշանիկ Ուսուբյանը շնորհավորեց Մանկավարժականի ուսանողներին ծրագրին մասնակցելու համար և նրանց հանձնեց վկայականներ։
«12 տարիների սերտ և բեղմնավոր համագործակցության ընթացքում իրականացված «Հոգեբանական գիտելիքի ճակատներ» աշնանային դպրոցը ՌԴ-ում ակադեմիական փոխանակման 7-րդ ծրագիրն է և իրականացվել է ՀՊՄՀ-ի դասախոսական կազմի և ուսանողների հետ համատեղ։ Մենք բարձր ենք գնահատում հոգեբանության և մանկավարժության ոլորտներում գիտելիքների ընդլայնման հնարավորությունները և ուրախ ենք, որ հետագայում կկարողանանք դրանք կիրառել նաև պրակտիկայում»,-նշեց Շուշանիկ Ուսուբյանն ու հույս հայտնեց, որ ավանդույթը կշարունակվի առաջիկա տարիներին ևս՝ նպաստելով երկու բուհերի միջև գիտելիքների և լավագույն փորձի փոխանակմանը: