Օգոստոսի 19-25-ը ՀՊՄՀ ուսանողները կմասնակցեն Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի կազմակերպած «Ամառային դպրոց- 2024» ծրագրին։ Այս տարի Մանկավարժական համալսարանից ծրագրին մասնակցում է տարբեր ֆակուլտետների 5 ուսանող։
Ծրագրի շրջանակներում նախատեսված են դասախոսություններ, այցելություններ պատմամշակութային տարբեր վայրեր։ «Ամառային դպրոց-2024»-ի առաջին օրն ուսանողները եղան Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանում․ կրթական հենց այս կառույցում կընթանա ծրագրի ողջ ընթացքը։ Այցի շրջանականերում աբովյանականներին ներկայացվեց Ռուսաստանի երկրորդ քաղաքի ստեղծման պատմությունը, անցած ուղին, տեսարժան և պատմամշակութային վայրերը, ծրագրի կազմակերպիչ բուհի հիմնադրումն ու այլ մանրամասներ։
Տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում նշեցին՝ ուրախ են «Ամառային դպրոց» ծրագրի վերսկսման առթիվ․ այն խթանում է նաև միջմշակութային կապերի ամրապնդմանը։ Մանկավարժական համալսարանի ուսանողներն էլ խոստովանեցին՝ առաջին անգամ են Սանկտ Պետերբուրգում․ վստահեցրին՝ Հայաստան կվերադառնան նոր գիտելիքներով և վառ տպավորություններով։ Այցի առաջին օրն ուսանողները հասցրել են այցելել տարբեր վայրեր, այդ թվում լինել Սմոլնիի տաճարում։
Նշենք, որ առաջիկայում ‹‹Ամառային դպրոց-2024›› ծրագիրը կանցկացվի նաև ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում, որին փոխադարձ այցով կմասնակցեն նաև Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի ուսանողները։