ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ուսանողը՝ ֆրակնկոֆոն միջազգային փառատոնում
11.09.2023
ՀՊՄՀ ուսանողը՝ ֆրակնկոֆոն միջազգային փառատոնում

ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհի Հայկուշ Խառատյանը մասնակցեց ֆրանկոֆոն ուսանողների տարածաշրջանային փառատոնի X-րդ հոբելյանական թողարկմանը։

Սեպտեմբերի 4-9-ն անցկացվող փառատոնը կազմակերպվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի AUF-ի և Չեռնոգորիայի համալսարանի հետ համատեղ։

Փառատոնը համախմբել էր Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության 57 անդամ բուհերի 73 ուսանողների՝ 20 երկրներից՝ տոնելու և խթանելու ֆրանսիական լեզվի և մշակույթի կիրառումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, ստեղծելու մշակութային փոխանակման հարթակ։ Փառատոնը հնարավորություն է տարբեր ծագում ունեցող ուսանողներին ներկայացնելու իրենց ավանդույթները, սովորույթներն ու հմտությունները, ինչպես նաև ամրապնդելու բարեկամության և միասնության կապերը տարբեր ազգերի ֆրանկոֆոն երիտասարդների միջև՝ անցնելով աշխարհագրական և լեզվական սահմանները։

Փառատոնի շրջանակում ուսանողները այցելեցին Չեռնոգորիայի համալսարան, ծանոթացան միջազգային ծրագրերին և AUF-ի առաքելությանն ու նախագծերին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Ուսանողները մասնակցեցին 6 աշխատաժողովի՝ հանրային խոսք, միջմշակութային հաղորդակցում, նկարչություն, լուսանկարչություն, երգ, պար։

Փառատոնն ամփոփվեց գալա համերգով, որ մասնակիցների համար յուրատեսակ հարթակ էր՝ ցուցադրելու իրենց բազմազան տաղանդներն ու գեղարվեստական կարողությունները, ինչպես նաև խթանելու ստեղծագործականությունն ու ինքնադրսևորումը:

Պարի մրցույթում ՀՊՄՀ ուսանողուհի Հայկուշ Խառատյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և պարգևատրվեց մրցանակով։