ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հրատարակվել է «Հայրենիքի համար» կենսագրական հանրագիտարանը
02.09.2021
Հրատարակվել է «Հայրենիքի համար» կենսագրական հանրագիտարանը

Լույս է տեսել ՀՊՄՀ Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի՝ «Հայրենիքի համար» կենսագրական հանրագիտարանը:

Բուհի Գիտական խորհրդի որոշմամբ հրատարակված գիրքը նվիրված է արցախյան երեք պատերազմներին մասնակցած 310 համալսարանականներին. Հայաստանի անկախության վերակերտման համար արցախյան պատերազմներին գործուն մասնակցություն են ունեցել Մանկավարժական համալսարանի շրջանավարտներ և ուսանողներ:

«Հայ մտավորականության և երիտասարդության հետ, շարժման առաջին օրերից, ոտքի կանգնեցին նաև ՀՊՄՀ-ի դասախոսներն ու ուսանողները: Այդ օրերին համալսարանում սկսեց հաղթահարվել խորհրդային տարիների թմբիրը, վերանայվեցին, լուսաբանվեցին Հայոց պատմության փակի տակ գտնվող բազմաթիվ էջեր»,- նախաբանում նշել է ՀՊՄՀ նախկին ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը:

Վերջինս նկատում է, որ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում համալսարանի հարյուրավոր ուսանողներ մասնակցեցին կամավորական աշխատանքներին, իսկ անհավասար մարտերում իրենց անունը հերոսաբար գրեցին նաև 34 մանկավարժականցիներ:

«Որպես աբովյանական, իմ պարտքն էի համարում նման աշխատություն ստեղծել դեռևս արցախյան առաջին պատերազմից հետո.չստացվեց իրականացնել, ո'չ այդ ժամանակ, ո'չ ապրիլյան պատերազմի օրերին: 44-օրյա պատերազմի մասշտաբները ստիպեց չհապաղել: Չգիտեմ մեր ապագան ինչպիսին կլինի, բայց համոզված եմ, որ Մանկավարժականի մասնակիցներն ու զոհերը արցախյան երեք պատերազմներում անվերապահորեն կատարել են հայրենիքի հանդեպ իրենց հայրենասիրական պարտքը: Դա նաև խոսուն վկայությունն է՝ բուհում հայրենասիրական դաստիարակության խնդիր չկա»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ Գիտական գրադարանի տնօրեն, գրքի հեղինակ Տիգրան Պետրոսյանցը:

Վերջինս նկատում է՝ հանրագիտարանը վերնագրվել է «Հայրենիքի համար», այլ ոչ՝ Արցախի. հայրենիքը պետք չէ բաժանել մասերի:

Հավերժ փառք հերոս նահատակներին.նրանց նվիրումը երբեք չի մոռացվի: