ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հրաժեշտ Այբբենարանին
20.03.2017
Հրաժեշտ Այբբենարանին

Մանկավարժական համալսարանի №57 հիմնական դպրոցի 1բ /Աստղիկներ/ դասարանն այսօր ներկայացրեց «Հրաժեշտ այբբենարանին» խորագրով միջոցառումը:

Երգ, պար, բանաստեղծություններ՝ բայց ոչ միայն աշակերտների մասնակցությամբ. տոնին մասնակցում էին նաև ծնողներն ու ուսուցչուհին՝ դասվար Տաթևիկ Աբրահամյանը:

Աշակերտ-ծնող-ուսուցիչ եռամիասնությունը միջոցառման ընթացքում նույնացավ տուն-հայրենիք-լեզու գաղափարի հետ՝ խոստանալով՝ և´ սեփական երկրում, և´ հայրենի սահմաններից դուրս պաշտպանել ու պահպանել մեսրոպատառ հայոց գիրը:

Բեմում ոչ միայն օտար ափերում ապրող հայ մայրերի ապրումներն էին, այլև աշակերտների համադասարանցու ուղերձը ԱՄՆ-ից, որ ընկերներին ու ուսուցչուհուն օվկիանոսից այն կողմ խոստացավ՝ հեռվում էլ լավ սովորել հայոց լեզուն և հպարտորեն կրել հայի անունը:

6-ամյա փոքրիկները միջոցառման ավարտին հավաստիացրին՝ ունեն այն հստակ գիտակցումը, որ բոլոր ժամանակներում հայը ծնկում է միայն իր հողի և խաչի առջև, և խոնարվելով իրենց մայրերի, ուսուցիչների առջև՝ խոստացան՝ դեռ կմեծանան ու աշխարհին ցույց կտան, որ հարազատ երկրից քաղցր ու անուշ տեղ չկա:

Դասվար Տաթևիկ Աբրահամյանը aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարիքում էլ երեխաները շատ լավ են ընկալում հայրենասիրության թեման. սերունդները գնալով ավելի խելացի և բանիմաց են դառնում:

«Հայրենիքից հեռու ապրելը եղել և մնում է բոլորիս համար ցավոտ, ուստի գրաճանաչությունը, գիտելիքների աշխարհ նրանց նորամուտը փորձեցինք միավորել մեր հայրենիքի խնդիրներին, որ երեխաները հասկանան՝ միայն գիտելիքով և ոչ թե զենքով կարելի է հաղթել թշնամուն»,-նշեց վաստակաշատ ուսուցչուհին:

Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը ևս շնորհավորեց «աստղիկներին» գրաճանաչության, իսկ ծնողներին՝ երեխաների դժվարին ու կարևորագույն փուլը հաղթահարելու համար:

«Փոքրիկները թևակոխում են կյանքի նոր՝ գրագիտության փուլ և առաջիկայում հաղթահարելու են կրթական բազում խնդիրներ»,-նշեց Նաիրա Տողանյանն ու մաղթեց, որ այսուհետ ծնողական հուզմունքը ծնվի միայն երեխաների հաջողությունների ուրախությունից և հպարտությունից: