ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հրաժեշտ Այբբենարանին
19.03.2019
Հրաժեշտ Այբբենարանին

Մանկավարժական համալսարանի հիմնական դպրոցի 1-ին «Ծիծեռնակներ» դասարանն այսօր հանդես եկավ «Հրաժեշտ այբբենարանին» միջոցառմամբ:

Երգ, պար, բանաստեղծություններ՝ բայց ոչ միայն 1-ին դասարանցիների մասնակցությամբ. տառաճանաչության տոնին մասնակցում էին նաև նրանց ավագ ընկերները՝ նույն դպրոցի 3-րդ «Աստղիկներ» դասարանի աշակերտներն ու դասվար Տաթևիկ Աբրահամյանը:

Տարբեր դասարանների աշակերտների միասնությունը դարձավ իրական տոն՝ ամենամեծը հին ու նոր տոների մեջ, քանի որ արդեն գրել ու կարդալ գիտեն:
Գրերի գյուտից անցել են հազարավոր տարիներ, բայց եկող ամեն սերունդ յուրովի է արժևորում հայոց գրերի անհրաժեշտությունը՝ որպես ազգի ինքնության, հայրենիքի պաշտպանության կարևոր պայման: Փոքրիկների շուրթերին հայոց տառերն են, խոստումը Սուրբ Մաշտոցին՝ դու՝ հար ուսուցիչ, մենք հար աշակերտ:

6-ամյա փոքրիկները միջոցառման ավարտին հավաստիացրին՝ ունեն այն հստակ գիտակցումը, որ հայոց բառերը, գիրն ու հայրենին փոխել չի լինի և խոնարհվելով իրենց մայրերի, ուսուցիչների առջև՝ խոստացան, որ ուր էլ լինեն, կպահպանեն և կպաշտպանեն մեսրոպատառ հայոց գիրը:

Այդ խոստմանը հավատարիմ է նաև աշակերտների համադասարանցի Վարդանը, որն ընկերներին ու ուսուցչուհուն ողջունեց տեսակապով և խոստացավ՝ չնայած շուրջը չեն խոսում հայերեն, ինքը կխոսի և կգրի հարազատ լեզվով:

Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը շնորհավորեց «ծիծեռնակներին» գրաճանաչության, իսկ ծնողներին՝ երեխաների դժվարին ու կարևորագույն փուլը հաղթահարելու համար և վստահեցրեց, որ դասվար Տաթևիկ Աբրահամյանի գաղափարների, քրտանաջան աշխատանքի արդյունքում ուրախանալու, հպարտանալու և հուզվելու բազմաթիվ առիթներ կլինեն:

Դասվար Տաթևիկ Աբրահամյանը հուզված է և հպարտ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ դպրոց մտած փոքրիկները ոչ միայն տառաճանաչ են, այլև գիտակցում են՝ հային հայ է պահում հայոց գիրը:

Դասվարը վստահ է՝ փոքրիկները շատ լավ են գիտակցում իրենց առաքելությունը լեզվի պահպանության գործում. այդ են վկայում նրանց ոգևորությունն ու խոստումները, որ ամենուր բարձր են պահելու Սուրբ Մաշտոցի անունն ու հայոց գրերի զենքի պես կարևոր դերն ու նշանակությունը: