ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում այսօր կայացավ ՀՊՄՀ-ի N 57 հիմնական դպրոցի 4բ դասարանի ավարտական հանդեսը։
Դպրոցի սաները երկար և գեղեցիկ ճամփորդություն ունեցան․ ամեն ինչ սկսվեց Դպրաստանի բնակիչներ՝ պրոյեկտորի և գրատախտակի վեճին ականատես լինելուց։ Վերջինս որոշել էր, որ այլևս պետք չէ, և իր ժամանակն արդեն անցել է․ «Սիրելի գրատախտակ, իհարկե, դու շատ կարևոր ես․ չեմ էլ պատկերացնում՝ ինչ ենք անելու առանց քեզ: Եկեք միասին գնանք Դպրաստան՝ տեսնելու ձեր երկրակիցներին»,-առաջարկեցին աշակերտներն ու նստելով կախարդական ավտոբուսը՝ հայտնվեցին այնտեղ։
Դպրոցի սաները նախ այցելեցին Դպրաստանի մայրաքաղաք՝ Մայրենաշեն․փոքրիկներին դիմավորեց և քաղաքի ամենահետաքրքիր վայրերով զբոսանքի ուղեկցեց Այբբենարանը։ Երեխաները եղան քաղաքի կենտրոնական փողոցում՝ Բառաշատում․այնտեղ, ուր հայտնվում են բոլոր նրանք, ովքեր ուզում են գրագետ լինել, «հանդիպեցին» բառերին և վանկերին, հոմանիշին և հականիշին, ապա հասան Հեքիաթաշատ փողոց, ուր նրանց էին սպասում հեքիաթների հերոսները։
Իրենց ճամփորդության ընթացքում դպրոցականները հասան անծայրածիր մի քաղաք՝ Թվաբանիա, հանդիպեցին այնտեղի պատվավոր քաղաքացի աճպարարին, գործողության նշաններին, ապա շրջեցին Երաժշտաֆոնիա քաղաքի ոչ սովորական Մեղեդելլա փողոցում․«Շնորհակալ եմ բոլորիդ․ձեր շնորհիվ ես հասկացա, որ մեր քաղաքում ամենքն իրենց դերն ու կարևորությունը ունեն, մեկս մյուսիս օգնում ու լրացնում ենք։ Առանց ինձ՝ ձեր ճամփորդությունը թերի ու անհետաքրքիր կլիներ»,-նշեց գրատախտակը՝ համերաշխության մթնոլորտում եզրափակելով Դպրաստանի ճամփորդությունը։
ՀՊՄՀ-ի N 57 հիմնական դպրոցի 4բ դասարանի սաները շնորհակալություն հայտնեցին դասվար Մարիամ Ենոքյանին՝ մատաղ սերնդի կրթության և դաստիարկության չափազանց պատասխանատու և պատվաբեր գործը ստանձնելու համար, և երդվեցին՝ բարձր պահել ուսուցչի վեհ կոչումը։
«Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիք ձեր 4 տարիների հեքիաթային ճամփորդության մասնիկը․ ամենաերջանիկ ուսուցիչն եմ, որ ունեմ նման աշակերտներ»,-իր խոսքում նշեց դասվար Ենոքյանն ու շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ մասնագիտական բոլոր դժվարությունները միասին հաղթահարելու, ձեռքբերումներով ուրախանալու, հաջողություններով կիսվելու և, իհարկե, նեցուկ լինելու համար։
«Աննախադեպ և յուրահատուկ միջոցառում, լի նվիրումով»,-ամփոփելով միջոցառումը՝ նշեց դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանն ու խորհրդանշանական համարեց, որ ձեռնարկը համընկել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ։
Տնօրենը վստահ է՝ ձևավորված կուռ թիմի հաջողությունները կշարունակվեն նաև հիմնական դպրոցում, իսկ իրենք պատրաստ են պաշտանել երեխաներին՝ նրանց զինելով անհրաժեշտ գիտելիքներով։
«Սիրում եմ Մայրենաշենը գրագետ ու լուսեղ, Բառաշատը՝ գիտուններով լի, Թվաբանիան անծայր ու կանոններով, Մեղեդելան՝ հնչուն երգերով»,-ամփոփեցին դպրոցականները ։