ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հրաժեշտ տարրական դպրոցին
17.05.2019
Հրաժեշտ տարրական դպրոցին

Կայացավ Մանկավարժական համալսարանի Հիմնական դպրոցի 4ա դասարանի հրաժեշտի միջոցառումը: 

Աշակերտներն իրենց ելույթներում շնորհակալություն հայտնեցին կյանքը կառուցող հայրերին, այն ջերմացնող մայրերին ու ուսուցիչներին, որոնց շնորհիվ ծանոթացան տառերին ու թվերին, եղբայրացան միմյանց հետ ու համոզվեցին՝ դպրոցը երկրորդ տունն է, ուսուցիչները՝ երկրորդ մայր:

Իրենց ելույթներում աշակերտներն ընդգծեցին, որ այսօր յուրօրինակ տոն է՝ կրտսեր դպրոցի վերջին դասն ու առաջին քայլը միջին դպրոց, ուր շարունակելու են բացահայտել գիտելիքների անեզր աշխարհն ու շարունակել վստահ առաջ ընթանալ:

Երգեր, շնորհակալության խոսքեր, պարային համարներ, ուր արժևորվեցին հարազատ կրթօջախում ստացած գիտելիքները, ուսուցիչների դերն ու նշանակությունն իրենց կրթության, դաստիարակության գործում. «Հերոսները մեր մեջ են ծնվում՝ ուսուցիչների խոսքով ու ծնողների ջանքերով»,-նշեցին աշակերտներն ու խոստովանեցին՝ առաջին ուսուցչից ստացած ամենակարևոր՝ բարեկրթության դասն իրենց ուղեկցելու է ողջ կյանքում:

Մայր-ուսուցիչ-հայրենիք գաղափարների մասին խոսելիս աշակերտները անկեղծանում են՝ մայրերն ու ուսուցիչներն իրենց աչքերին փայլ են տվել, հայրենիքը՝ արև, և դիմելով ժամանակին՝ փոքրիկները նշեցին. «Կանգ առ, ժամանակ, մի վազիր, թույլ տուր մի քիչ էլ մեր ուսուցչուհու համար լինենք նախկին փոքրիկ աշակերտները՝ հուզված ու շփոթված»:

Հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը շնորհավորեց ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին կրտսեր դպրոցի դժվարությունները հաղթահարելու առթիվ և մաղթեց հաջողություններ, ձեռքբերումներ միջին դպրոցում. «Մի բան հստակ է՝ մենք տվել ենք սեր, նվիրում և կարող ենք համոզված լինել, որ նրանք այդ ջերմությունը կտանեն իրենց հետ ողջ կյանքի ընթացքում»,-հավելեց Նաիրա Տողանյանը:

4 ա դասարանի դասվար Աննա Գրիգորյանը արդեն 13 տարի աշխատում է դպրոցում: Փորձառու ուսուցչուհին միջին դպրոց է ճանապարհել արդեն 4 դասարան, սակայն յուրաքանչյուրի հետ ունենում է նույն հուզմունքը, հրաժեշտի դժվարին պահերն ու մշտապես սաների հետ ամուր կապը պահելու ցանկությունը:

«Ես ձեզ շատ եմ սիրում, իմ սիրելի աշակերտներ և մաղթում եմ, որ ձեր ճանապարհին հայտնված բոլոր խոչընդոտները ձեզ դարձնեն ավելի ուժեղ ու կայուն»,-հավելեց դասվարը: