ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հրաժեշտի միջոցառում՝ ՀՊՄՀ հիմնական դպրոցում
19.06.2021
Հրաժեշտի միջոցառում՝ ՀՊՄՀ հիմնական դպրոցում

Մանկավարժական համալսարանի համար 57 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի 25 շրջանավարտների համար հունիսի 19-ը հրաժեշտի օր էր, հրաժեշտ սիրելի դպրոցին, ուսուցիչներին, դասընկերներին։ 

Վերջին դասը ներկաներին հուզմունքի բազմաթիվ  պահեր պարգևեց․ աշակերտները երգով, պարով ու ասմունքով ամփոփեցին անցած ինը տարիները, մի վերջին անգամ հարազատ  դպրոցի հարկի ներքո ամփոփեցին դպրոցից ստացած հարստությունը՝ գիտելիքը։ Իններորդցիները խոստովանեցին՝ ստացած գիտելիքով նոր կյանքի դռներն են բախելու, ուսումը շարունակելու ավագ դպրոցում՝ իրենց հետ տանելով դպրոցական գեղեցիկ ավանդույթներ, դասարանական մշակույթ, անգամ չարաճճիություններն ու խենթությունները, այն ամենը, ինչով ապրեցին այդ տարիներին և ինչ հասցրին սովորել սիրելի ուսուցիչներից:

«Եթե մենք այսպիսին ենք, ձեզ ենք պարտական, ձեր մանկավարժական աշխատանքի արգասիքն ենք։ Ներեք մեզ, եթե պատանեկական սխալներ ենք թույլ տվել, խենթություններ արել»,-խոստովանեցին իններորդցիներն ու ուսուցիչներին հղեցին երախտագիտության բազմաթիվ խոսքեր։  

Հիմնական դպրոցի շրջանավարտները հրաժեշտի դասին երգեր ու պարեր նվիրեցին նաև  հայրենիքին, համոզմունքով, որ «Հայաստանն իրենց անունն ու ազգանունն է…»։ Նրանք խոստացան չաղավաղել սիրելի դպրոցի դեմքն ու դիմագիծը, բարձր պահել ուսուցիչների անունն ու  պատիվը:

«Ավարտվեց դպրոցի ոլոր-մոլոր ճամփան, որը ձեզ համար պիտի դառնա մի նոր լավ սկիզբ, ապագայի պայծառ ճանապարհ: Դուք դեռ գնալու եք ավագ դպրոց՝ ձեզ հետ տանելով բազում հիշողություններ, այն ջերմությունը, որ ստացել եք հարազատ ուսուցիչներից»,-նշեց հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանն ու շրջանավարտներին մաղթեց հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ, իսկ դասղեկ Մերի Բաբայանին և մանկավարժներին՝  սերունդներին կրթելու և դաստիարակելու անսպառ  ուժ ու կորով։