ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հրաժեշտի զանգ՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում
25.05.2018
Հրաժեշտի զանգ՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում

Հանրապետության հանրակրթական դպրոցներում՝ այդ թվում նաև ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի 24-րդ շրջանավարտների համար այսօր հնչեց «Վերջին զանգ»-ը:

5 հոսքերի 100 աշակերտները Հայաստանի առաջին հանրապետության 100-րդ և 12-ամյա կրթական համակարգի 1-ին շրջանավարտներն էին:
Հուզված, բայց նաև հպարտությամբ աշակերտները հրաժեշտ տվեցին իրենց կրթօջախին՝ խոստանալով միշտ բարձր պահել հարազատ դարձած դպրոցի պատիվը:

Շրջանավարտներն իրենց երախտիքի խոսքը ուսուցիչներին ուղղեցին բանաստեղծություններով, շնորհակալական խոսքերով, երաժշտական, պարային կատարումներով և վստահեցրին, որ վարժարանում են սովորել պայքարի ու հաղթանակի արժեքն ու գինը:

Նրանք վստահ են՝ դպրոցական կենսագրության ավարտին իրենք պատրաստ են նոր կյանք մտնել որպես հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներ և լի են նոր հույսերով, ակնկալիքներով, սպասումներով: Խոստովանում են՝ լավ մարդ դառնալու ճանապարհին վարժարանային երեք տարիները եղել են փարոս, ինչն իրենց սովորեցրել է, որ դժվարություններ չկան, երբ կա ցանկություն:

Աշակերտները միակարծիք են՝ հիմա իրենք ավելի հասուն են, գիտակից ուսուցիչների խորհուրդները հասկանալու, ընկալելու և դրանցով առաջնորդվելու համար:

«Լինել մարդասեր, ազնիվ, արժանապատիվ, մտածել ինքնուրույն, ուրախանալ, հույս և հավատ ունենալ անգամ ամենափոքրիկ հաղթանակներից. դրանք են արդարության ճանապարհի մշտարթուն ուղեկիցները»,-այս պատգամներն են առանձնացնում աշակերտները և վստահաբար բարձրաձայնում՝ դուռդ բաց, երիտասարդություն, 100-ամյա 1-ին հանրապետության սերունդն է գալիս:

Ապագա լրագրողները, հոգեբանները, նկարիչները, բնագետներն ու լեզվաբանները գնում են իրենց երազանքների հետևից և հենց բեմից խոստացան՝ չսողալ, չընկրկել ոչնչի առաջ, իսկ մեկ բառով՝ մնալ մարդ:

Բուհի ռեկտորատի անունից աշակերտներին շնորհավորեց և բարի երթ մաղթեց պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ առաջին հերթին շնորհակալություն հայտնելով ծնողներին՝ իրենց երեխաների կրթություն ստանալու ճակատագիրը ՀՊՄՀ-ի վարժարանի հետ կապելու համար, իսկ վարժարանի տնօրինությանն ու ուսուցիչներին՝ մասնագիտական հմտություններն ու կարողություններն աշակերտներին փոխանցելու և հոգատարության համար:

Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց տարվա բոլոր շրջանավարտներին՝ այդքան սպասված և քննադատված 12-ամյա կրթության բոլոր փորձություննրից և փորձարկումնրից պատվով դուր գալու համար:

Նաիրա Սաֆարյանը հպարտ է, որ վարժարանի շրջանավարտների բանակը համալրվեց ևս 100-ով, իսկ կրթօջախի պատմության էջերը հարստացան նրանց հաջողություններով ու ձեռքբերումներով»:

«Սիրելի շրջանավարտներ գիտեմ, որ ունեք պատանեկան բազում երազազանքներ, ուստի կոչ եմ անում բոլորիդ՝ ստացած գիտելիքներով, տոնական տրամադրությամբ ու վճռականությամբ գնալ դեպի նվիրական երազանքների կատարում»,-հավելեց վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը:

«Վերջին զանգ»-ի տոնական հանդիսությունն այսօր ևս մեկ անգամ ապացուցեց՝ այս տարվա շրջանավարտները նույնպես գիտակցում են, որ սա վերջը չէ, այլ նորի գեղեցիկ սկիզբ: Որպես երիտասարդության շեմին կանգնած մերօրյա երիտասարդներ՝ իրենց հաջորդողներին հորդորեցին՝ բարձր պահել վարժարանի անունն ու նրա նորօրյա պատմությունը կերտել մեծ հպարտությամբ ու նորանոր ձեռքբերումներով: