Մանկավարժական համալսարանում են Հունգարիայի Մաթիաշ Կորվինուս քոլեջի ուսանողները․ եռօրյա այցով մեր երկիր ժամանած հյուրերը բուհում են ՀՊՄՀ Հունգարական կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում։
Հունգար ուսանողներին բուհում հյուրընկալեցին Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն ու Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց մեկդարյա մանկավարժական բուհի պատմությունը, գործող մասնագիտությունները, խոսեց միջազգային կրթական տարբեր հաստատությունների հետ համագործակցությունների, հեռանկարների, ծրագրերի մասին։
Պրոռեկտորն անդրադարձավ նաև մեր երկրում կրթական համակարգին, այդ համատեքստում Մանկավարժականի դերակատարմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, դպրոց-բուհ կապին։
Հունգար ուսանողները հետաքրքրվեցին բուհում գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գործունեությամբ, մեր երկրում շախմատային կրթությամբ, դասավանդման առանձնահատկություններով, ինչպես նաև բուհում գործող ստեղծագործական և ոչ մանկավարժական մասնագիտությունների դասավանդման առանձնահատկություններով:
Մարիաննա Հարությունյանը հույս հայտնեց, որ հունգար ուսանողների այցը կլինի հագեցած ճանաչողական այցերով և գիտակրթական նոր բացահայտումներով:
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհանիսյանն էլ հանդիպմանն անդրադարձավ կրթական ոլորտում հայ-հունգարական բացառիկ համագործակցությանը, նշելով՝ այս տարի լրանում է Մանկավարժական և Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի համագործակցության 10 տարին։
Նա ընդգծեց՝ հայ-հունգարական վերականգնված հարաբերությունները նպաստել են մի շարք հարցերի լուծմանը, այդ թվում՝ կրթական, սոցիալական, հումանիտար։
Էդգար Հովհաննիսյանը ներկայացրեց համատեղ իրականացված ծրագրերը՝ նշելով՝ այս տարիներին երկու համալսարանների միջև գիտակրթական համագործակցությունը նոր փուլ է թևակոխել․ ուսանողների և դասախոսական կազմի համար իրականացվել են ակադեմիական փոխանակման ծրագրեր, տևական ժամանակ Պիտեր Պազմանի համալսարանում արդյունավետորեն գործում է հայագիտության ամբիոն։
Էդգար Հովհաննիսյանը կարևոր ձեռքբերում համարեց նաև Մանկավարժականում վերջերս հիմնված Հունգարական կենտրոնը, որի գործունեությունը հյուրերին ներկայացրեց կառույցի ղեկավար Դանիել Գազդիկը։ Վերջինս կարևորեց, որ հայ ուսանողները դասընթացների միջոցով հնարավորություն ունեն անվճար սովորել հունգարերեն, բացահայտել Հունգարիան, հունգարական մշակույթը։
Հունգար ուսանողները շնորհակալություն հայտնեցին հյուրընկալման համար և հույս հայտնեցին, որ համագործակցությունը բուհի հետ կշարունակվի՝ նոր և առավել բազմազան ուղղություններով։