ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հունգարագիտական կենտրոն՝ Մանկավարժական համալսարանում
01.07.2024
Հունգարագիտական կենտրոն՝ Մանկավարժական համալսարանում

Հայկական պետական մանկավարժական համալսարանում այսուհետ կգործի Հունգարիայի պատմության, մշակույթի և լեզվի կենտրոն։ Պաշտոնական այցով բուհում էին ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն և Արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեյը։

Հունգարագիտական կենտրոնի հիմնման բացառիկ պայմանագիրը հանդիսավորությամբ վավերացրին ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու Տրիստան Ազբեյը։ Ծրագրի իրագործմանը կաջակցի Հունգարիայի Հանրապետության Արտաքին գործերի և առևտրի նախարարությունը․ծրագրի հրավիրյալ դասախոսը Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի շրջանավարտն է։

Մանկավարժականում վստահ են՝ կենտրոնը կարևոր կամուրջ կհանդիսանա և կնպաստի հայ-հունգարական պատմական, գիտահետազոտական, հումանիտար բնագավառում դարավոր կապերի ամրապնդմանն ու շարունակմանը։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նկատում է՝ 2016 թվականին սկիզբ առած Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկի հետ համագործակցությունը թևակոխում է նոր փուլ։ Հիշեցնենք՝ այս տարի պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում էին նաև Մանկավարժական համալսարանի պատվիրակները՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի գլխավորությամբ։ Համալսարան կատարած այցի շրջանակում տեղի էր ունեցել ՀՊՄՀ-ի և Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջև միջազգային համագործակցության վերաբերյալ համաձայնագրում լրացում կատարելու մասին պայմանագրի ստորագրման արարողությունը։

Ռեկտոր Գևորգյանը երկու բուհերի միջև համագործակցությունը եզակի հաջողված փորձերից է համարում․ 2017 թվականից մագիստրոսական, իսկ 2019 թվականից հայագիտության բակալավրիական բացառիկ ծրագրով բուհում սովորող ուսանողները յուրատեսակ դեսպաններ են, որոնք, նրա կարծիքով, կնպաստեն նորարակական ծրագրերի զարգացմանը։

Հունգարիայի Հանրապետության Արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեյը դիվանագիտական կապերի վերականգնման առաջին իրողությունն է համարում իր՝ ուղիղ չվերթով Երևան ժամանումը։

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նկատում է՝ երկու երկրների միջև այս ընթացքում մի շարք իրադարձություններ են հաջորդել․ Հունգարիայի կառավարությունը դեռևս անցած տարվանից իրականացրել և շարունակում է հայերի աջակցման սոցիալական մի շարք ծրագրեր, իսկ հայ ուսանողներին Հունգարիայի ուսումնական հաստատություններում սովորելու համար կհատկացվի 30 կրթաթոշակ։

Տրիստան Ազբեյը կարևորում է, որ անկախ երկրների պաշտոնական հարաբերություններից, երկու ժողովուրդները շարունակել են համագործակցել և բարեկամություն անել․փաստ է՝ հայ և հունգար ժողովուրդների բարեկամությունը հիմնված չի եղել պաշտոնական կապերի վրա, ինչը հաստատեցին նաև Հայկական պետական մանկավարժական և Պիտեր Պազմանի համալսարանները։

Նա արժևորեց երկու հաստատությունների միջև 2016 թվականին կնքված համաձայնագիրը, նշեց, որ անձամբ է հետևել է Հայագիտության ամբիոնի հիմնմանը, հայ ուսանողների՝ Հունգարիայում ուսումնառությանը ու հպարտության առիթ համարեց Մանկավարժականում հունգարական կենտրոնի հիմնումը․«Մեր երկու երկրները հարուստ չեն եղել բնական պաշարներով․ամենամեծ ռեսուրսն ու հարստությունը մշակույթն ու երիտասարդությունն է, ինչն էլ պետք է հարստացնել»,-հավելեց Տրիստան Ազբեյը։

ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, որի նախաձեռնությամբ է նաև հաստատվել երկու բուհերի կապերի զարգացումն ու ամրապնդումը, նկատում է, երբ դիվանագիտական հարաբերություններն ընդհատվել էին երկու երկրների միջև, Մանկավարժականն այն կառույցն էր, որը կրթության, հումանիտար բնագավառներում շարունակեց Հունգարիայի հետ պատմականորեն գոյություն ունեցող կապը․«Այսօր, երբ մեր երկրների միջև վերականգնված են դիվանագիտական կապերը, հպարտորեն պետք է նշեմ՝ Մանկավարժականն իրագործեց հանրային դիվանագիտության իր բոլոր հնարավորությունները՝ մեծ նպաստ բերելով այս ամենին»։