Մանկավարժական համալսարանում այսօր հանդիսավորությամբ բացվեց Հունգարական կենտրոն․ կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրված էր ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանին և Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պրոռեկտոր Քրիստիան Վինցեին։
Բացառիկ իրադարձությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոն, Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատվիրակությունը, ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը հիշեցրեց՝ կենտրոնի հիմնման բացառիկ պայմանագիրը վավերացվել էր ընթացիկ տարում՝ Հունգարիայի Հանրապետության Արտաքին գործերի և առևտրի նախարարության հետ համագործակցությամբ։ Պրոֆեսոր Գևորգյանն անդրադարձավ երկու բուհերի հաջող համագործակցությանը, իրականացված գիտակրթական ծրագրերին, բուհում Հունգարիայի պատմության, մշակույթի և լեզվի կենտրոնի բացումն էլ համարեց եզակի իրադարձություն և կարևոր մեկնարկ հայ-հունգարական ժողովուրդների բարեկամության գործում։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նկատեց՝ սա այն դեպքն է, երբ կենտրոնի բացումը ոչ թե նախորդում է բուն գործընթացին, այլ հաջորդում՝ հանդիսանալով դրա բնականոն զարգացման արդյունք։
Հիշեցնենք, Մանկավարժականում գործող Հունգարական կենտրոնի ղեկավարը Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի Հայագիտության ամբիոնի ասպիրանտ Դանիել Գադզիկն է, որի նախաձեռնությամբ այսօր արդեն իսկ 10 ուսանող սովորում է հունգարերեն, դասընթացների միջոցով բացահայտում Հունգարիան, հունգարական մշակույթը։
Ժաննա Անդրեասյանը վստահ է՝ սկսված բովանդակային գործընթացը կնպաստի բուհերի միջև համագործակցության ամրապնդմանն ու երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը։
Նախարարի դիտարկմամբ՝ բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացը, որ կրթության ռազմավարության կարևոր հենասյուներից է, կարող է զարգանալ նման կենտրոնների և արտերկրի բուհերի հետ գործընկերության հաստատման շնորհիվ նաև։
Ի դեպ, միջոցառումն ուղեկցվեց գրքերի ցուցադրությամբ․ ներկայացված էին Հայաստանում և Հունգարիայում հրատարակված հայ-հունգարական հարաբերությունների վերաբերյալ աշխատություններ, որոնց շարքում էր նաև Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի Հայագիտության ամբիոնի հունգար ասպիրանտների խմբագրմամբ հրատարկված հոդվածների ժողովածուն։ Ասպիրանտները փոխանակման ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել են ՀՊՄՀ-ում։
Ժաննա Անդրեասյանը կարևորեց համատեղ հետազոտությունների, հրատարակումների փաստը ՝ ընդգծելով՝ դրանք բովանդակային նոր շերտեր կբերեն գործընկերությանը։
Հունգարական կենտրոնի բացմանն իրենց նպաստն են բերել նաև ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն և Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։
Դեսպան Աննա Մարիա Շիկոն կարևորեց կենտրոնի բացումը, խոսեց դրա անհրաժեշտության մասին և վստահեցրեց՝ Հայաստանը և Հունգարիան՝ որպես դարավոր բարեկամ երկրներ շարունակելու են իրենց համագործակցությունը։
Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն էլ մեծ պատիվ համարեց Մանկավարժականում գտնվելը․ նկատում է՝ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից քիչ ժամանակ է անցել, սակայն այս ընթացքում իրագործվել են մի շարք ծրագրեր, որոնք սնում են այդ հարաբերությունները։ Դեսպանը կարծում է, որ առանց երկու երկրների միջև գիտակրթական, մշակութային կապերի, քաղաքական հարաբերություններն աղքատ կլինեն, իսկ կենտրոնի բացումը մեծ ձեռքբերում է համարում նաև Հունգարիայի համար։
Մանկավարժականում Հունգարական կենտրոնի բացումը, երկու բուհերի և երկրների միջև համագործակցությունը կարևորեցին նաև Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատվիրակության ներկայացուցիչները՝ ի դեմս պրոռեկտոր Քրիստիան Վինցենի։
Հունգարիայի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր Բալինտ Կովաչը լիահույս է՝ կենտրոնի կօգնի ճանաչել հունգարական մշակույթը, կրթություն ստանալ Հունգարիայում, ծավալել գիտական ակտիվ գործունեություն և սովորել հունգարերեն, որ նույնքան բարդ լեզու է, որքան հայերենը։
ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհանիսյանը օրը պատմական համարեց ոչ միայն բուհի կյանքում, այլև հայ-հունգարական հարաբերություններում․սա, ըստ նրա, նոր էջ է, որի առաջին տողերը գրվեցին 2016 թվականին, երբ երկու երկրների միջև չէին վերականգնվել դիվանագիտական հարաբերությունները, սակայն Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում բացվեց Հայագիտության ամբիոն։
Էդգար Հովհաննիսյանը հանրային դիվանագիտության բնագավառում ընդգծեց Մանկավարժականի ունեցած հսկայական ներդրումը, որն այսօր նոր որակով, նոր սկիզբ է բերում երկու երկրների դարավոր պատմության հարաբերություններում։