ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հունգարիայի ազգային տոնը՝ Մանկավարժականում
21.10.2024
Հունգարիայի ազգային տոնը՝ Մանկավարժականում

Այսօր Մանկավարժական համալսարանում մեկնարկեցին Հունգարիայի ազգային տոնին նվիրված միջոցառումները։ Ձեռնարկին ներկա էին ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն, դեսպանատան ներկայացուցիչներ, ՀՊՄՀ աշխատակիցներ, հյուրեր։

Դեսպան Աննա Մարիա Շիկոն կարևորեց Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն ու վստահեցրեց՝ Հայաստանը և Հունգարիան՝ որպես դարավոր բարեկամ երկրներ շարունակելու են իրենց համագործակցությունը։

ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպանը հանգամանորեն անդրադարձավ Հունգարիայի դարավոր պատմությանը, խոսեց տնտեսական և քաղաքական զարգացումների, երկու երկրների պատմական նմանությունների, ամենատաբեր ոլորտներում հայերի ներգրավվածության մասին և հույս հայտնեց, որ երկկողմ հարաբերություններն առաջիկայում կարևոր զարգացում կապրեն։

Դեսպան Աննա Մարիա Շիկոն կարևորեց Հունգարիա կատարած պաշտոնական այցելությունները, այդ թվում՝ Մանկավարժական համալսարանի պատվիրակների՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջև համագործակցությունը։

Նա հիշեցրեց՝ Եվրամիության խորհրդի նախագահությունը ստանձնել է Հունգարիան․ այդ առթիվ մեր երկրում անցկացվում են տարաբնույթ մշակութային միջոցառումներ՝ դառնալով երկու երկրների և ժողովուրդների միջև յուրօրինակ կամուրջ։

Ներկաներին ողջունեց նաև ՀՊՄՀ նորաբաց՝ Հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոնի ղեկավար Դանիել Գադզիկը։ Նա իր ելույթում խոսեց հունգարերենի տարածման և հանրահռչակման մասին, ինչպես նաև անդրադարձավ Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի՝ հայ ժողովրդի մշակութային և գրական կյանքում ունեցած մեծագույն ավանդին։

Հունգարիայի ազգային տոնը շարունակվեց գնչուական երեկոյով, որին հաջորդեց հունգարական ազգային գինու և կերակուրների հյուրասիրություն։