ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոն՝ Մանկավարժականում
21.10.2024
Հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոն՝ Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանի և Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի համագործակցության շրջանակներում ՀՊՄՀ-ում նախատեսվում է  Հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոնի բացում։  Կենտրոնը կծառայի որպես հարթակ ուսանողների և դասախոսների համար, որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները հունգարական մշակույթի և լեզվի վերաբերյալ:

Այն նպատակ ունի մեծացնել ուսանողների մասնակցությունը հունգարական հետազոտություններին, ինչը կնպաստի երկու երկրների միջև գիտական համագործակցության ամրապնդմանը: Կենտրոնը ձգտում է նաև պայմաններ ստեղծել գիտելիքների և մշակութային փորձի ակտիվ փոխանակման համար։

Առաջիկայում Հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոնում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ 1956 թվականի Հունգարիայի հեղափոխության տոնակատարություն, Հունգարիայի արվեստին և մշակույթին նվիրված ցուցահանդեսներ, հունգարիայի մշակույթի մասին ֆիլմերի ցուցադրություն, վարպետության դասեր՝ հունգարական ավանդույթների վերաբերյալ։ Միջոցառումները հնարավորություն կտան առավել խորը պատկերացում կազմել Հունգարիայի պատմության և մշակույթի մասին:

Ի դեպ, Հունգարական կենտրոնում կանցկացվեն նաև հունգարերենի, ինչպես նաև հունգարական պատմության և մշակույթի դասընթացներ: Այն կօգնի սովորել և հասկանալ Հունգարիայի հարուստ ժառանգությունը:

Կենտրոնը գտնվում է Տիգրան Մեծ 17 հասցեում: Բացումը նախատեսվում է առաջիկայում։

Հիշեցնենք, որ դրա հիմնման բացառիկ պայմանագիրը հանդիսավորությամբ վավերացրել են ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու Տրիստան Ազբեյը։