ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հունգարիայի փոխվարչապետը` Մանկավարժականում
25.06.2021
Հունգարիայի փոխվարչապետը` Մանկավարժականում

Այսօր մասնավոր այցով Հայկական պետական մանկավարժական համալսարանում էր Հունգարիայի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի գլխավորությամբ:

Պատվիրակները հարգեցին արցախյան երկրորդ պատերազմում մանկավարժական համալսարանի զոհված ուսանողների հիշատակը` խոնարհվելով տեղադրված խաչքարի առջև, ծանոթացան բուհի երեք ֆակուլտետների հնարավորություններին։ Այցելեցին Գեղարվեստի ֆակուլտետի ցուցասրահ- լսարան, հիացան հայ կերպարվեստի մանկավարժ մասնագետների աշխատանքներով, մասնակցեցին նիստի, որին ներկա էին Մանկավարժական համալսարանի Գիտխորհրդի անդամներ և ուսանողներ։

Հունգարիայի փոխվարչապետը 17-րդ դարում հիմնադրված Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի շրջանավարտ է, իսկ 5 տարի առաջ Մանկավարժական համալսարանի և Պազմանի կաթոլիկ համալսարանի միջև ստորագրվել էր երկկողմ համագործակցության համաձայնագիր, որի նպատակն էր խթանել բուհերի գիտակրթական համագործակցությանն ու ակադեմիական փոխանակմանը:

Մանկավարժականի ռեկտորը հետևողական համագործակցության կարևորագույն ձեռքբերում համարեց այն, որ այս տարիների ընթացքում ՀՊՄՀ-ն շարունակում է մնալ միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը երկրում, որն իրավունք ունի շնորհել միաժամանակ երկու դիպլոմ:

Ի դեպ, 2016 թվականին Պազմանի կաթոլիկ համալսարանում պաշտոնապես բացվել է հայագիտության ամբիոն, որը միակն է նորանկախ Հայաստանի պատմության շրջանում:

Հունգարացի բազմաթիվ ուսանողներ այս տարիներին ստացել են հայագիտության գծով մասնագիտացում, իսկ Մանկավարժականի մոտ երկու տասնյակ ուսանող տարբեր ծրագրերով ուսումնառություն է անցել Հունգարիայի Պազմանի կաթոլիկ համալսարանում, նույնքանն էլ մասնակցել ամառային դպրոցների:

Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենն իր խոսքում նկատեց՝ Հունգարիան Հայաստանի համեմատ ՙպատանի՚ է, բայց երկու երկրների պատմությունները շատ նման են, իսկ հայ ժողովուրդն ու հայկական մշակույթը կարևոր դեր են ունեցել Հունգարիայի կյանքում:

Հունգարիայի փոխվարչապետը ևս մեկ անգամ կարևորելով երկու բուհերի համագործակցությունն ու հայագիտության ամբիոնի նշանակությունը՝ վստահեցրեց՝ առաջիկայում առավել մեծ թվով հայ ուսանողներ հնարավորություն կունենան կրթություն ստանալ Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում:

Հայագիտության ամբիոնի վարիչ, հունգարացի հայագետ, դոկտոր Բալինտ Կովաչն էլ նկատեց՝ թեպետ ամբիոնը նորաստեղծ է, սակայն այս տարիների ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել.առաջիկայում ևս շատ անելիքներ կան:

ՀՊՄՀ-ի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում նշեց՝ թեպետ համագործացության սկզբում հանդիպել են մի շարք դժվարությունների, բայց հույս ունի՝ ամբիոնը դեռ երկար տարիներ կշարունակի ծառայել իր նպատակին:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը բուհի Գիտական խորհրդի որոշմամբ «Մանկավարժական համալսարան» մեդալ շնորհեց փոխվարչապետ Ժոլտ Շեմյենին և Հալածված քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի պետական քարտուղար Տրիստան Ազբեյին:

Հունգարական պատվիրակությանն, ինչպես յուրաքանչյուր այցի ժամանակ, այս անգամ ևս ընդունել և իր հայրապետական օրհնանքն է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդը։