ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Լևոն Բերբերյանի ծննդյան 110-ամյակին
13.12.2019
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Լևոն Բերբերյանի ծննդյան 110-ամյակին

Մանկավարժական համալսարանի թանգարանում կազմակերպվել էր Մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի հիմնադիրներից Լևոն Բերբերյանի ծննդյան 110-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: 

Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ ձեռնարկին հրավիրվել էին բուհի նախկին և ներկա աշխատակիցները, գիտնականի տարբեր տարիների ուսանողները, հարազատները, հյուրեր: 

Թանգարանում ցուցադրվեցին մաթեմատիկոսի կյանքին, գիտական և մանկավարժական գործունեությունը լուսաբանող նյութեր, լուսանկարներ: Ցուցադրության էին ներկայացված նաև գիտնականի պարգևներն ու հրատարակված աշխատանքները:

Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանը կարևորեց հուշ-ցերեկույթի կազմակերպումը, քանի որ ներկա սերունդները պետք է ճանաչեն ֆակուլտետի հիմնադիրներին, ականավոր գիտնականներին. դա կրկնակի կարևոր է հատկապես ապագա մանկավարժների համար: 

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը տարիների հեռվից հիշեց գիտնականի հետ պատահած դիպվածները, ներկայացրեց հուշեր, իսկ մաթեմատիկայի բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Օքսաննա Սուրենյանը տեսասահիկով ներկայացրեց Լևոն Բերբերյանի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:

Հուշ-ցերեկույթը շարունակվեց գիտնականի հարազատ ֆակուլտետում, ուր նրա գործընկերներ պրոֆեսորներ Ալեքսանդր Ղուշչյանը, Մկրտիչ Սահրադյանը, ուսանողներ՝ պրոֆեսորներ Համլետ Միքայելյանը, Սամվել Հարությունյանը, Գուրգեն Ղուլղազարյանը, Վլադիմիր Կարապետյանը,  դոցենտ Օլյա Սահակյանը և որդին՝ պրոֆեսոր Սամվել Բերբերյանը պատմեցին հուշեր և առանձնացրին հատկապես նրա՝ բարձրագույն կրթության ոլորտում կազմակերպչական և գիտական բարձր որակները։ Նրա գործընկերներն ու ուսանողներնը այսօր էլ առանձնացնում են խառնվածքի դրական բազում հատկանիշներն ու հատկապես հումորի բարձր զգացողությունը:

Ներկաները ևս մեկ անգամ խոստովանեցին, որ Լևոն Բերբերյանը բազմավաստակ մանկավարժ էր, հմուտ և բանիմաց դասախոս, սիրված գիտնական, ում անունը մշտապես լինելու է բուհի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի պատմության մեջ: