ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հուշեր Արշավիր Շավարշյանի մասին»․ շնորհանդես Մանկավարժականում
29.05.2024
«Հուշեր Արշավիր Շավարշյանի մասին»․ շնորհանդես Մանկավարժականում

ՀՊՄՀ Պատմության թանգարանի նախաձառենությամբ Մանկավարժական համալսարանում կայացավ  Եղիսաբեթ Իսաբեկյանի՝  «Հուշեր Արշավիր Շավարշյանի մասին» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված է ականավոր մանկավարժ-հոգեբան Արշավիր Շավարշյանի կյանքը և գործունեությունը, ինչպես նաև լուսավորության բնագավառի այլ գործիչների կենսագրական մանրամասներ։

ՀՊՄՀ առաջին ռեկտոր, պրոֆեսոր Արշավիր Շավարշյանին նվիրված գրքի շնորհանդեսին ներկա էին բուհի ղեկավար և դասախոսական կազմը, մտավորականներ, ընտանիքի անդամներ, ուսանողներ։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, խոսելով մեծանուն մանկավարժի մասին, օրինաչափ համարեց, որ Մովսես քահանա Արշավյանի ընտանիքում ծնված որդին չէր կարող այդպիսին չլինել․ ի սկզբանե կրթության վերաբերյալ հորից դրված պահանջները հստակ արտահայտվել են նրա գործունեության ընթացքում։

Ռեկտորը կարևորեց, որ Մանկավարժական համալսարանն՝ ի դեմս երիտասարդ մանկավարժների,  հետազոտական թեմաների շրջանակներում բացահայտի Արշավիր Շավարշյանի դիմագիծը որպես ուսուցչի տեսակ, մանկավարժ, հայրենիքի նկատմամբ ունեցած վերաբերմունքով, որը կարևորում էր կրթությունն՝ ազգային ինքնության ներքո։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը գնահատանքի խոսքեր ուղղեց  Մանկավարժական բուհի ղեկավարությանը՝ իր հիմնադրի հոբելյանը նշելու  և գրքի շնորհանդեսը կազմակերպելու համար, ինչպես նաև  Շավարշյան ընտանիքին և նրա ժառանգներին։

Գուրգեն Գասպարյանը  նշեց, որ հուշապատումում նեկրայացված են ոչ միայն Արշավիրի կնոջ՝ Եղիսաբեթի հուշերն ամուսնու մասին, այլև զուգահեռ հետաքրքիր մանրամասներ  են գրի առնվել՝ Իգդիրի  հայ բնակչության կյանքի, այդ շրջանի նշանավոր հայ գործիչների, պատմաքաղաքական դեպքերի մասին։

Գուրգեն Գասպարյանը  նկատեց՝ սա հայ կնոջ  կյանքի պատմություն է, որը հուշերի գիրք լինելով, նաև այդ շրջանի  հայոց պատմության կարևորագույն աղբյուներից մեկն է․ կան շատ փաստեր, որոնք հետազոտողները կարող են օգտագործել իրենց աշխատանքներում։  Բանախոսը կարևորեց նաև գլխավոր  խմբագիր, ՀՊՄՀ Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանի աշխատանքը, որն իր  շահեկան ծանոթագրություններով հարստացրել  է գիրքը, ճշտումներ արել՝ դրան հաղորդելով աղբյուրագիտական նշանակություն։

Թանգարանագիտության ամբիոնի վարիչ Ամատունի Վիրաբյանը խոստովանում է՝ բազմաթիվ գրքեր ու աշխատություններ է խմբագրել, սակայն այս գիրքը չափազանց դժվար աշխատանք էր․ «Ձեռագրերի մասով կար տարընթերցում, ինչպես նաև գիրքն էր ծավալուն: Բացի այդ, Եղիսաբեթն այնքան սիրահարված և նվիրված էր ամուսնուն, որ պետք էր կատարվող աշխատանքում մնար և սերը, և պատմությունը»,- նշեց Ամատունի Վիրաբյանը:

Նա գիրքը կարևորեց նաև այլ տեսանկյունից՝ Գայանյան և Մայրանյան դպորցները ներսից ներկայացնելու, ինչպես նաև Արշավիր Շավարշյանին՝ ոչ միայն մանկավարժ, այլև հայրենասեր մարդու և կրթության նվիրյալի:

«Այս գիրքը բոլորի համար է, որ ուզում են տեղեկություններ ունենալ հայ մտավորականների, մանկավարժության մասին, իսկ որ ամենակարևորն է՝ իմանալ, թե ինչպես է ձևավորվել հայկական կրթությունը, որը կա մինչ օրս»,-նշեց Ամատունի Վիրաբյանն ու բարեբախտություն համարեց կրթության մեծագույն նվիրյալի մասին գրքի խմբագրումը:

Արշավիր Շավարշյանի թոռը՝ Կարեն Շավարշյանը կրկնակի հպարտություն է զգում, որ գիտաժողովով է նշանավորվում Արշավիր Շավարշյան գործիչը: Նա վստահեցնում է, որ պապից սերնդեսերունդ ստացել են այն հայրենասիրությու նը, որի վառ օրինակը հենց ինքն էր, երբ թողեց արտասահմանում գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ու նվիրվեց հայրենիքում կրթությունը զարգացնելու գործին: 

ՀՊՄՀ Պատմության թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը նկատում է՝ թանգարանի ֆոնդերը համալրելու ընթացքում  հաճախ են  աշխատում ընտանիքների հետ, սակայն այս դեպքում գործ ունեին նվիրյալների հետ։ Ընտանիքի անդամները շահագրգռված էին, որ թանգարանում ներկայացված լինեն նաև Արշավիր Շավարշյանի կյանքն ու գործունեությունը։

Գրքի շնորհանդեսին ներկա Արշավիր Շավարշյանի ծոռնուհին՝ Արմինե Շավարշյանը նկատում է՝ գրքի հրատարակման ճանապարհը շատ երկար եղավ․ 1960 թվականին, Շավարշյանի մահից հետո, նրա կինը որոշեց գրի առնել իր ամուսնու անցած ճանապարհը, ինչը տևեց 10 տարի։

Արմինե Շավարշյանը, որ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատող է,  նշում է՝  իրեն էր ընձեռված  առաքելությունը  իրականացնելու պապի, նրա մոր երազանքն ու վերծանելու ձեռագրերը․ «Այս գործընթացը ավարտվեց 2024 թվականին՝ զուգադիպելով մեծ հոբելյանին։ Եվ պատահական չէ, որ նաև հենց այս բուհում է կայանում գրքի շնորհանդեսը, որի հիմնադիրն ու առաջին դիրեկտորը եղել է Արշավիր Շավարշյանը։ Կարծում եմ՝ այս անկեղծ հուշագրությունը կհետաքրքրի ընթերցողին և  պատմական իրադարձությունների ֆոնին  ավելի կսիրեն  և վառ կպահեն մեծ մանկավարժի հիշատակը»,-նշեց Արմինե Շավարշյանն ու հուշերի ինքնագիր տետրը հանձնեց բուհի թանգարանին։

Ի դեպ, ընտանիքը թանգարանին նվիրեց նաև Արշավիր Շավարշյանի անձնական որոշ իրեր, ձեռագրեր, որոնք կարող են հսկայական նյութ պարունակել կրթության մեծագույն գործչի գործունեությունն ուսումնասիրողների համար:

«Հուշեր Արշավիր Շավարշյանի մասին» գրքի շնորհանդեսին հաջորդեց  ցուցադրություն թանգարանում, որտեղ էքսկուրսիան իրականացրեց Արմինե Շավարշյանը: Իսկ հայ մեծանուն գործչի գրքերի ցուցադրությունը կայացավ բուհի Գիտական գրադարանում։