Մանկավարժական համալսարանում դասախոսությամբ հանդես եկավ Աթենքի Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանի Տնտեսագիտության և պետական կառավարման ֆակուլտետի ասպիրանտ Կոնստանտինոս Ապոստոլիդիսը։
Բանախոսը բուհում էր Էրազմուս+ ծրագրի շրջանակներում․ապագա մանկավարժներին նա ներկայացրեց «Համալսարանների դերը կայուն զարգացման նպատակների իրականացման գործում» թեման։
Դասախոսության ընթացքում հույն ասպիրանտը հայ ուսանողների ծանոթացրեց Կայուն զարգացման իրականացման համար 2030 թվականի օրակարգի ու դրա հիմքում ընկած հիմնարար սկզբունքների հետ՝ համընդհանրություն, փոխկապակցվածություն և անբաժանելիություն, ներառականություն, բազմաշահառու գործընկերություն։
Կոնստանտինոս Ապոստոլիդիսն անդրադարձավ կայուն զարգացման վրա ազդող գործոններին, հիմնական մարտահրավերներին, խոսեց տեխնոլոգիական զարգացման, արհեստական բանականությամբ պայմանավորված կրթության փոփոխության մասին․ «Ժամանակակից աշխարհը բախվում է մի շարք մարտահրավերների, որոնք պետք է հաղթահարել։ Այդ ամենում իրենց կարևոր դերակատարումն ունեն նաև համալսարանները։ Սա այն կառույցն է, որ ստեղծում է միջազգային կապեր, ուղիներ՝ աջակցելու էկոհամակարգերին, որոնք էլ նպաստում են սոցիալական շարժունությանը, անհատներին զինում քննադատական մտածողությամբ, հմտություններով, նախապատրաստում արագ զարգացող աշխատաշուկային»,- իր ելույթում նշեց հյուրն ու հավելեց՝ կրթությունը, հետազոտությունն ու նորարարությունը կենսական դեր են կատարում կայուն զարգացման գործում, իսկ բուհերն այդ նպատակների իրագործման կենտրոնական ներդրողներն են։
Բանախոսը հույս հայտնեց, որ իր ներկայացրած հիմնական դրույթները երիտասարդների համար կլինեն ուղենիշ՝ դրանց լուծման գործում ներգրավելով այլ երիտասարդների ևս։
Հանդիպման ընթացքում ծավալվեց քննարկում, եղավ հարց ու պատասխան։