ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հույսի փոքրիկ նվագախումբ»․․․
25.05.2023
«Հույսի փոքրիկ նվագախումբ»․․․

«Մենք այսօր կրկին հանդիպել ենք, որ պատմենք, թե ինչն է մեզ հուզում, ինչպես ենք ապրում։ Հայտնվել ենք փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ այլ են արժեքները, և այն, ինչ թանկ էր մի ժամանակ՝ այսօր ոչինչ է։ Մնացել է, սակայն, հույսը, այն փրկօղակն ու փխրուն ուժը, որ ստիպում է առաջ գնալ և ապրել»,- այսպես մեկնարկեց ՀՊՄՀ Ռուսաց լեզվի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Հույսի փոքրիկ նվագախումբ» խորագրով գրական-երաժշտական ուսանողական ցերեկույթը։

Ցերեկույթի անվանումը պատահական չէ ընտրված․ անվանի երգահան, գրող Բուլատ Օկուջավայի համանուն երգն է ոգեշնչել բուհի 10 ֆակուլտետների ապագա մանկավարժներին՝ ստեղծելու տարբեր ձայներից, մտքերից, զգացմուքներից, բարի ու անկեղծ խոսքից բաղկացած փոքրիկ, բայց հույսով լի նվագախումբ՝ հանուն հավատի և սիրո հաղթանակի։

Միջոցառմանը ներկա էին բուհի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, դասախոսներ, ուսանողներ։

Վերջիններս ներկայացրին Բորիս Պաստեռնակի, Աննա Ախմատովայի, Վլադիմիր Վիսոցկու, Մարինա Ցվետաևայի, Պարույր Սևակի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Ջիվանու, տաղանդավոր այլ պոետների և երաժիշտների հայտնի ու սիրված ստեղծագործություններ։

Անդրադառնալով վերջին տարիների իրադարձություններին և վերհիշելով հայտնի միտքը, թե կա քարերը նետելու և դրանք հավաքելու ժամանակ, ուսանողները հույս հայտնեցին, որ եկել է քարերը հավաքելու ժամանակը։

Վստահ են՝ դա հնարավոր է անել, երբ կա միասնականություն, ընդհանուր հետաքրքություններ և անցյալում են թողնվում օտարացումն ու հիասթափությունները․ նրանք դա արել են հույսի, հավատի և սիրո մասին պատմող ստեղծագործությունների միջոցով․ «Սիրո ամենաբուժիչ հատկության մասին խոսել են, գրել, երգել։ Առանց սիրո՝ կյանքն անգույն է, աղքատ։ Ճիշտ է՝ սերը երբեմն չի լինում առանց տխրության, սակայն ինչպես ասում էր ռուս հայտնի պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկին՝ դա ավելի հաճելի է, քան տխրությունն առանց սիրո»,- իրենց ելույթը ուսանողները եզրափակեցին այն հավատով, որ Հույսի փոքրիկ նվագախմբին հաջողվեց ներկաներին փոխանցել սիրո մեծ չափաբաժին։