Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական հանդիպում-քննարկումները հանրակրթական դպրոցների մանկավարժական կոլեկտիվների և աշակերտների հետ ավանդական են և միտված կրթության որակի բարելավմանը։
Օրերս Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ․ գիտությունների թեկնածու Վարազդատ Վարդազարյանը հյուրընկալվել էր Կարեն Դեմիրճյանի անվան համար 139 ավագ դպրոցում։
Նա կրթական կառույցում էր մանկավարժական կոլեկտիվի հրավերով․Վարազդատ Վարդազարյանը ուսուցիչների և աշակերտների համար հանդես եկավ բաց դասախոսությամբ։ Ներկայացվեցին «Մաթեմատիկա» առարկայի նոր չափորոշիչների համաձայն ավագ դպրոցի մաթեմատիկայի դպրոցական դասընթացում կատարված փոփոխությունները, մասնավորապես՝ մաթեմատիկական վիճակագրության և հավանականությունների տեսության տարրերի ուսուցման հետ կապված։
Դասախոսությանը հաջորդեց քննարկում․ Վարազդատ Վարդազարյանը պատասխանեց ուսուցիչների և աշակերտների հարցերին։