ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Իմաստություն» հանդեսն ընդգրկվել է Scopus գիտաչափական շտեմարանում
06.04.2018
«Իմաստություն» հանդեսն ընդգրկվել է Scopus գիտաչափական շտեմարանում

Մանկավարժական համալսարանի  WISDOM  գիտական պարբերականն ընդգրկվել է Scopus գիտաչափական շտեմարանում։ Սա համալսարանի և մեր երկրի համար աննախադեպ իրադարձություն է և մեծ ձեռքբերում: Ի դեպ, Հարավային Կովկասում ևս հումանիտար գիտությունների շրջանակում այն միակ գիտական հանդեսն է, որ ընդգրկվել է Scopus-ում:

Դրանում ընդգրկվելու գործընթացը նախաձեռնվել էր դեռ նախորդ տարի և ըստ Scopus-ի կանոնակարգի՝ այն անցել է գնահատման 6 փուլ:

Նշենք, որ WISDOM-ն ընդգրկված է նաև ՀՀ ԲՈՀ-ի՝ ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական ժողովածուների ցանկում; Այն գրանցված է 15՝ Scientific Indexing Services (SIS), Journal Impact Factor (JIF), Eurasian Scientific Journal Index (ESJI), Scientific Journal Impact Factor (SJIF), International Scientific Indexing (ISI), European Reference Index for the Humanities and Social Sciences (ERIH PLUS), Advanced Scientific Index (ASI), eLIBRARY (РИНЦ), EBSCO, CYBERLENINKA, CROSSREF, PHILPAPERS, WORLDCAT Google Scholar միջազգային գիտաչափական շտեմարաններում:

Ամսագրի խմբագրական խորհրդի 23 անդամներից 13-ը արտասահմանցի, 10-ը՝ հայաստանցի փիլիսոփաներ են։
Գիտական հնչեղություն, միջազգային ոլորտում մասնագիտական մեծ լսարան, հոդվածների բովանդակության և ամսագրի նպատակների ու պրոբլեմների շրջանակների համապատասխանություն. այս և այլ որակական ցուցանիշների կողքին Scopus գիտաչափական շտեմարանի փորձագերներն իբրև հանդեսի արժանիքներ առանձնացրել են նաև դրա հստակ նպատակներն ու եզակի թեմատիկան:

Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, WISDOM-ի գլխավոր խմբագիր Հասմիկ Հովհաննիսյանը aspu.am-ի հետ զրույցում ընդգծեց նաև, որ ամսագիրը պահպանել է ակադեմիկոս Գ.Բրուտյանի գիտահրատարակչական գործունեության ոճը և իր ստեղծման օրից կարևորել է երիտասարդ գիտնականների աճը ապահովող հարթակ դառնալու միտումը՝ իրականացնելով մագիստրոսների, ասպիրանտների հոդվածների հրատարակությունը հանդեսի «Երիտասարդ գիտնականի ամբիոն» բաժնում։

Հասմիկ Հովհաննիսյանը նշեց, որ բանակցությունների փուլում է նաև միջազգային գիտաչափական DOAJ՝ Բաց հասանելիությամբ ամսագրերի տեղեկատու-կատալոգ շտեմարանին անդամակցելու գործընթացը: Վերջինս ինդեքսավորում և հասանելի է դարձնում բարձր որակավորում ունեցող, բաց հասանելիությամբ գրախոսվող գիտական ամսագրերը։

Անելիքները շատ են, հաջողությունները՝ պարտավորեցնող։