ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Իմաստություն» հանդեսն ընդգրկվել է Web of Science գիտաչափական շտեմարանում
15.05.2018
«Իմաստություն» հանդեսն ընդգրկվել է Web of Science գիտաչափական շտեմարանում

Գիտական գործունեության կառավարումն իրականացնելու համար ամբողջ աշխարհում գիտաբանության մեջ լայնորեն կիրառվում են Science Citation Index (SCI, ինտերնետային տարբերակը՝ Web of Science կամ WOS) և Scopus շտեմարաններից ստացված տվյալները: SCI-ը և Scopus-ը տվյալների բազաներ են, որոնք պարունակում են գիտական պարբերականների բոլոր հոդվածների մատենագրական նկարագրությունը, հոդվածում առկա հղումներն այլ աշխատանքներին, ինչպես նաև տեղեկություններ բոլոր այն հոդվածների մասին, որոնք հղում են կատարել տվյալ աշխատանքին:

Տվյալ հոդվածի վրա հղումների քանակը հանդիսանում է գիտական արդյունքի ազդեցության գործոնը (ԱԳ)։ Միջազգային ազդեցության գործոն (ԱԳ) հրապարակումը կարող է ստանալ միայն համաշխարհային Web of Science շտեմարանում 3 հաջորդական տարի գրանցվելուց հետո: Այս շտեմարանում մուտք գործելու համար ամսագիրը գնահատվում է հատուկ մասնագիտացված հանձնաժողովի կողմից, որը հաշվի է առնում ինչպես քանակական, այնպես էլ որակական մի շարք հատկանիշներ. ամսագրի հիմնական հրատարակչական չափանիշները, խմբագրական կազմը, օտարերկրյա հեղինակների առկայությունը, տեղեկություններ հղումների վերաբերյալ։ Web of Science շտեմարանում մինչ օրս գրանցված է 6 հայկական հանդես` Astrophysics, Journal of Contemporary Physics, ՌԴ-ի հետ համատեղ Journal of Contemporary Mathematical Analysis, Neurochemical journal, The New Armenian Medical Journal, Iran and the Caucasus:

Մայիսի 15-ին Մանկավարժական համալսարանի WISDOM գիտական պարբերականը ևս ընդգրկվել է Web of Science գիտաչափական շտեմարանում։ Վերջինիս կազմում ընգրկվելու գործընթացը նախաձեռնվել էր նախորդ տարվա հունիսին։

Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, WISDOM-ի գլխավոր խմբագիր Հասմիկ Հովհաննիսյանը aspu.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ 1961 թվականից գործող Web of Science գիտաչափական շտեմարանում ընդգրկվելու պայմաններն ու պահանջները բավականին խիստ են և Wisdom-ի այս ձեռքբերումը մեծ հեղինակություն է բերում ինչպես ամսագրին, այնպես էլ մեր երկրին, Մանկավարժական համալսարանին, դրանում տպագրվող գիտնականներին։

«Web of Science–ն ունի 4 ենթաբաժին՝ Science Citation Index Expanded (SCIE), Social Sciences Citation Index (SSCI), Arts & Humanities Citation Index (AHCI), Emerging Sources Citation Index (ESCI): WISDOM-ն ընդգրկվել է Emerging Sources Citation Index ենթաբաժնում, որը համեմատաբար նոր է և ներառում է առաջին երեք բաժինների թեմատիկաները»,-նշեց Հասմիկ Հովհաննիսյանը։

Նշենք, որ WISDOM-ն ընդգրկված է նաև ՀՀ ԲՈՀ-ի՝ ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական ժողովածուների ցանկում: Այն գրանցված է 15՝ Scientific Indexing Services (SIS), Journal Impact Factor (JIF), Eurasian Scientific Journal Index (ESJI), Scientific Journal Impact Factor (SJIF), International Scientific Indexing (ISI), European Reference Index for the Humanities and Social Sciences (ERIH PLUS), Advanced Scientific Index (ASI), eLIBRARY (РИНЦ), EBSCO, CYBERLENINKA, CROSSREF, PHILPAPERS, WORLDCAT Google Scholar, նախորդ ամսից նաև Scopus միջազգային գիտաչափական շտեմարաններում:

Ամսագրի խմբագրական խորհրդի 24 անդամներից 14-ը արտասահմանցի, 10-ը՝ հայաստանցի գիտնականներ են։