Մանկավարժական համալսարանի տարբեր կուրսերի ուսանողներն այս ամիսներին կամավորական պրակտիկա են անցում հանրապետության տարբեր ճամբարներում:
Հանքավանի «Հասմիկ» ճամբարն այս տարի ընդունել է առայժմ 9 ուսանողի, ովքեր 20-օրյա պրակտիկայից հետո աշխատանքի լավ գնահատականի և արդյունավետ համագործակցության դեպքում կարող են աշխատանքի անցնել ճամբարում:
«Հասմիկ» մանկական ճամբարի տնօրեն Ժորա Մուրադյանը բարձր է գնահատում Մանկավարժականի ուսանողների աշխատանքը՝ վստահեցնելով, որ այն երկուստեք արդյունավետ է և կարևոր:
«Յուրաքանչյուր մանկավարժի համար առաջին աստիճանը ճամբարում աշխատանքն է. երեխաների հետ անցկացրած առօրյան հնարավորություն է տալիս դրսևորել մանկավարժական կարողություններն ու հմտությունները»,-նշեց ճամբարի երկարամյա տնօրենն ու հավելեց, որ միշտ պատրաստ են կիսվել հմուտ ջոկատավարների փորձով և ուսանողներից էլ ակնկալել մանկավարժական նոր մոտեցումներ:
Փոխտնօրեն Մուրադ Մուրադյանի խոսքով՝ Մանկավարժական համալսարանի ուսանողներն առանձնանում են մասնագիտական պատրաստվածությամբ. որպես ապագա մանկավարժներ կիրառում բուհում ստացած տեսական գիտելիքներն ու հմտությունները:
«Ճամբարը երկար տարիներ Մանկավարժական համալսարանից ունեցել է պրակտիկանտներ և մշտապես բարձր գնահատել նրանց աշխատանքը, որ առանձնանում է միայն մանկավարժներին հատուկ կարողություններով, նոր ձեռնարկներ կազմակերպելու ձգտումով»,-նշեց փոխտնօրենն ու նկատեց՝ աշխատանքի ընթացքում ձգտում են պահպանել լավագույն ավանդույթներն ու դրանք համադրել նոր մեթոդների հետ:
Նրա խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում ճամբարը առօրյան այլ կերպ անցկացնելու միջոց ու հնարավորություն է, ուր գերիշխում են մանկական խաղերն ու լավագույն ժամանցը՝ առավոտյան վերկացից մինչ տոնական քայլերթ ու մրցույթների կազմակերպում:
Թերեզա Հովհաննիսյանը ՀՄՊՀ-ի Բանասիրական ֆակուլտետի ուսնաղուհի է, ճամբար է եկել այն վստահությամբ, որ ձեռք բերած գիտելիքները կօգնեն առավել հեշտ հարմարվել դպրոցում աշխատանքին. «Օրվա տարբեր ժամերին տարիքային տարբեր խմբերի երեխաներին տեսնում ենք տարբեր իրավիճակներում ու փորձում կողմնորոշվել՝ ինչ մեթոդով աշխատել: Սա լավ հնարավորություն է նաև տեղում նորը բացահայտելու և յուրացնելու համար»:
Նրա համակուրսեցի Սեդա Բաղդասարյանն էլ հավելում է, որ ճամբարի տնօրինությունը սիրով է ընդունում երեխաների հետ աշխատելու, նոր միջոցառումներ կազմակերպելու իրենց նախաձեռնությունները, ինչը թույլ է տալիս մասնագիտական ոլորտում լինել ավելի ազատ:
Ապագա հատուկ մանկավարժ Սոֆյա Աբրահամյանը չնայած 1-ին կուրսի ուսանող է, բայց վստահ է՝ սահմանափակ կարողություններով երեխաների հետ լավ աշխատելու համար նախ պետք է բացահայտի առանց այդ խնդիրների երեխաների հետ աշխատանքի դժվարություններն ու մեթոդները: Պրակտիկայի ավարտին դեռ 10 օր կա, բայց հաստատակամ է՝ աշխատանքը ճամբարում շարունակելու ցանկությունը մեծ է:
aspu.am-ի հետ զրույցում պրակտիկանտները նշեցին, որ համալսարանում ստացած տեսական գիտելիքները բավարար են մանկավարժական մեթոդները գործնականում կիրառելու համար: