ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Միությունը զորություն է». ամերիկահայ արհմիութենականներ
22.09.2017
«Միությունը զորություն է». ամերիկահայ արհմիութենականներ

Մանկավարժական համալսարանի Արհմիության անդամներն հյուրընկալել էին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի արհմիութենական կազմակերպության ներկայացուցիչներին:

Սպասարկման ոլորտի միջազգային միության (SEIU Local 721) համակարգող Շուշան Բաղբուդարյանը, Գործադիր խորհրդի անդամ Ստեփան Հովակիմյանն ու Տնային աջակցության կենտրոնի սոցիալական աշխատող Սիլվա Քեշիշյան ներկայացրին Միության աշխատանքի կարևորությունը՝ ընդգծելով, որ հիմքում հայ համայնքի համար նպաստավոր գործունեություն ծավալելու ձգտումն է:

Նրանք այն կարծիքին են, որ արհմիությունների և Կառավարության միջև պետք է կամուրջներ ստեղծել և ծավալել համատեղ արդյունավետ աշխատանք:
«Մեր զորությունը մեր հավաքական ուժի մեջ է»,-նշեց Շուշան Բաղբուդարյանն ու հավելեց, որ այդ միասնականության շնորհիվ մասնակցում են ամենատարբեր ցույցերի և հասնում հաղթանակի:

Ամերիկահայ գործընկերները ցանկություն հայտնեցին իրենց փորձը տարածել նաև Հայաստանում, հայրենիքում կազմակերպել աշխատակիցների շահերը պաշտպանելու փորձի փոխանակման ձեռնարկներ:

Սոցիալական աշխատող Սիլվա Քեշիշյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը և ընդգծեց, որ դրանց հիմնական մասը նպատակ ունի համախմբել հայ պաշտոնյաներին ու անհրաժեշտ ցուցումներ տալով այնպես անել, որ նրանք կարողանան զբաղեցնել ավելի բարձր պաշտոններ. «Հայի բնավորություն է՝ միշտ առաջ տանել ցանկությունները»:

«Ծնվել եմ Սիրիայում, իսկ սիրտս ու հոգիս՝ Հայաստանում: Ես հաճախ եմ Հայաստան այցելում և այստեղից շատ բան եմ սովորում»,- նշեց Սպասարկման ոլորտի միջազգային միության Գործադիր խորհրդի անդամ Ստեփան Հովակիմյանն ու վստահեցրեց, որ համագործակցելու և աջակցելու մեծ ցանկություն ունի՝ այդ թվում նաև աշխատել Մանկավարժական համալսարանում:

Վերջինս հավելեց նաև, որ շարունակում է հիանալ հայերի՝ կրթություն ստանալու հանդեպ ունեցած մեծ ձգտումով: 3 միլիոն անդամ ունեցող արհմիութենական կազմակերպության անդամները վստահեցնում են՝ միությունը զորություն է:

Մանկավարժական համալսարանի Արհմիության նախագահ Հասմիկ Սարգսյանը ևս անդրադարձավ իր ղեկավարած կառույցի գործունեությանը՝ վստահեցնելով, որ աշխատանքում առաջնորդվում են «հօգուտ աշխատակցի շահերի» և «համերաշխության» կարգախոսներով:

Արհմիության անդամները շնորհակալություն հայտնեցին հանդիպման, ԱՄՆ-ում հայանպաստ գործունեության համար և բարձր գնահատեցին ամերիկահայ գործընկերների և բուհի արհմիության գործունեությունը:

Նշենք, որ հյուրերը հայրենիք են եկել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում: Նրանք եղան նաև ՀՊՄՀ-ի պատմության թանգարանում, ծանոթացան բուհի պատմությանն ու ժամանակագրությանը: