ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կարիերա՝ ուսման ընթացքում
09.12.2015
Կարիերա՝ ուսման ընթացքում

ՀՊՄՀ-ի Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի նախպաձեռնությամբ ուսանողները հանդիպեցին «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության առաջատար մասնագետների հետ:
Աշխատակիցները ներկայացրին ընկերության պատմությունը, առաքելությունը, 7-ամյա գործունեության ընթացքում ձեռքբերումներնը հայաստանյան ապահովագրական շուկայում իրենց ներդրումներն ու հանդես եկան հստակ գործնական առաջարկներով:
Անսահմանափակ եկամուտ, աշխատանքի ճկուն ժամանակացույց, կարիերայի աճի և մասնագիտական ուսուցման հնարավորություն, աշխատանք խոշոր և հուսալի կազմակերպությունում և այլն, որ առաջարկեցին ընկերության առաջատար մասնագետները՝ ներկայացնելով նաև ապահովագրական գործակալի գործառույթները ինչպես ազատ գրաֆիկի, այնպես էլ հաստիքային աշխատանքի դեպքում:

Ի դեպ, հանդիպման ավարտին 20-ից ավելի ուսանողներ գրանցվեցին տարբեր բնույթի հաստիքային աշխատատեղերի համար. համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի աշխատակիցները նրանց կպատրաստեն առաջիկա հարցազրույցին:
Բուհի պրոռեկտոր Արա Երեմյանն ուսանողներին հորդորեց մասնակցել գործատուների հետ հաճախ կազմակերպվող հանդիպումներին՝ վստահեցնելով, որ երկողմ հետաքրքրվածությունը կունենա նաև արդյունավետ հետևանքներ. «Գործատուները բացահայտում են լավագույն ուսանողներին, իսկ վերջիններս՝ ծանոթանում գործատուների հետ համագործակցության ձևերին ու եղանակներին»:
«Ներկայիս աշխատաշուկան պահանջկոտ է. միայն մասնագիտական հմտություններին և կարողություններին տիրապետելը բավարար չեն մասնագիտական դաշտում հետաքրքրություն առաջացնելու համար»,-նշեց Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի ղեկավար Ռիտա Գևորգյանն ու վստահեցրեց, որ երկխոսությունը ուսանողներին կտա փորձառություն և գործատուի հետ անմիջական կապ հաստատելու հնարավորություն:
Ռիտա Գևորգյանն ուրախությամբ նկատեց՝ գործատուների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումները տվել են իրենց ցանկալի արդյունքը. ուսանողների որոշակի հատված այսկերպ է աշխատանք գտել: