ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը մասնակցեց Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կազմակերպած «Կարիերայի ուղղորդումը՝ պետության կայուն ապագայի ձևավորման հիմքում» միջոցառմանը։
Հիշեցնենք՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում, դպրոցների 8-րդ դասարանում գործում են մասնագիտական կողմնորոշման խմբակներ, որոնք ներդրվել են 2024-2025 ուսումնական տարվանից։
Ողջույնի խոսքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորեց այն, որ մասնագիտական կողմնորոշման աշխատանքները սկսվում են հենց հիմնական դպրոցից, ինչը, ըստ նրա, բազմաթիվ խնդիրների լուծման նախապայման է։ Ըստ նրա՝ այս տարի միջին մասնագիտական կրթության նկատմամբ հետաքրքրության աճ է գրանցվել․ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ պետության համար գերակա համարվող մասնագիտությունների գծով բարձր կրթաթոշակի տրամադրմամբ։
Արաքսիա Սվաջյանն անդրադարձավ նաև ավագ դպրոցներում կրթության կազմակերպմանը, խոսեց ցկյանս կրթության համակարգի և խորհրդատվական ծառայությունների, ճիշտ ուղղորդման մեխանիզմների կարևորության մասին։
Պանելային քննարկման բանախոսները հնչեցրին կարիերայի ուղղորդման գործընթացների վերաբերյալ իրենց տեսակետները, անդրադարձան առկա մարտահրավերներին և ոլորտի զարգացման հնարավորություններին:
ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն իր խոսքում տեղեկացրեց, որ ՀՊՄՀ-ում շարունակվում է մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման գործընթացը։ Մասնավորապես՝ մասնագրերում վերափոխվում են փոխանցելի կրթական ելքային արդյունքները, դրանք համապատասխանեցվում են ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին։
Նրա դիտարկմամբ՝ մասնագիտական գիտելիքներից, կարողունակություններից բացի, աշխատաշուկայում հաջողելու կարևոր նախապայման է փափուկ հմտությունների ձեռքբերումը․ «Ավելի հաճախ զբաղվածության խնդիրը հնարավոր չի լինում լուծել այդ հմտությունների բացակայության պատճառով․ ունենալով գիտելիքներ, սխալ է կառուցվում աշխատանքային գործունեության խնդիրը լուծելուն միտված քայլերը»։
Մարիաննա Հարությունյանը վստահեցրեց՝ Մանկավարժական համալսարանը, լինելով մանկավարժներ կրթող կառույց, պատրաստ է ներկայացնել իր փորձառությունը․ բուհը, մասնագիտական կողմնորոշման գործընթացում առկա համագործակցությունների ամրապնդման և ոլորտի հետագա զարգացման համար, պատրաստ է շարունակել գործընկերությունը տարբեր գերատեսչությունների հետ, իրականացնել վերապատրաստումներ և այլ նախաձեռնություններ։