ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կատարում՝ նվիրված Ջիվան Գասպարյանի 90-ամյա հոբելյանին
06.12.2018
Կատարում՝ նվիրված Ջիվան Գասպարյանի 90-ամյա հոբելյանին

ՀՊՄՀ-ի Երաժշտության ամբիոնի վարիչ, երաժիշտ, երգահան Արա Գևորգյանի նախաձեռնությամբ իրականացվեց աննախադեպ ձևաչափի երաժշտական համար: 

Վերջինիս նախաձեռնությամբ նախատեսվել էր համախմբել 90 դուդուկահարների և նրանց կատարումը՝ Մ. Եկմալյանի «Ամեն հայր սուրբ» ստեղծագործությունը նվիրել նշանավոր դուդուկահար, ՀՀ ժոցովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի 90-ամյա հոբելյանին:

Մեծ վարպետի հոբելյանին նվիրված ձեռնարկին միացան նաև այլ դուդուկահարներ՝ ինչպես Մանկավարժական համալսարանի Երաժշտության ամբիոնի ուսանողներ, այնպես էլ երաժիշտներ տարբեր հաստատություններից՝ մասնակիցների թիվը հասցնելով 100-ից ավելիի:

ՀՊՄՀ-ի Երաժշտության ամբիոնի պրոֆեսոր Հրաչ Նազարյանի խմբավարությամբ՝ համարը ներկայացվեց մեծ վարպետի հոբելյանական հանդիսավոր միջոցառմանը, որը կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

aspu.am-ի հետ զրույցում Արա Գևորգյանը վստահեցրեց՝ Ջիվան Գասպարյանը հաճելիորեն զարմացած էր և հպարտ՝ աննախադեպ ձեռնարկի և դուդուկահարների համատեղ փայլուն ելույթի համար: Երգահանը հույս հայտնեց, որ այն տեղը կգտնի Հայկական դյուցազնագրքում:

Ի դեպ, Արա Գևորգյանի մեկ այլ նախաձեռնությամբ էլ շուրջ 200 քանոնահարների կատարմամբ հնչեց իր՝ «Երևան 2800» ստեղծագործությունը: