ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ ապագա դասվարների համերգ-ստուգատեսը
15.05.2019
Կայացավ ապագա դասվարների համերգ-ստուգատեսը

Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի Մանկավարժություն և մեթոդիկա բաժնի 1-ին կուրսի ուսանողներից կազմված սիրողական երգչախումբն այսօր ամփոփեց 3 ամսվա աշխատանքի արդյունքները:

«Երգեցողություն» առարկայի ստուգարքը համերգի ձևաչափով հանձնելը ֆակուլտետի ավանդույթներից է, երբ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին  է ներկայացվում սեղմ ժամկետում ձեռք բերածը՝ դասական, ժողովրդական արդեն սիրված ու մեծ ճանաչում ունեցող երգեր:

Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դոցենտ Վաչագան Նավասարդյանի կածիքով՝ անկախ երաժշտական, լսողական ունակություններից, մանկավարժ դառնալ ցանկացող ուսանողները հասցնում են յուրացնել նյութը: 

Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը շնորհավորեց ուսանողներին և հավելեց, որ երգի դժվարին ճանապարհը նույնքան բարի է և կարող է հաղթահարել նույնիսկ ներքին կոնֆլիկտներ. «Ներկայիս ծերացող հասարակությունը պետք է գիտակցի, որ երգը կարող է ապահովել ներքին հուզական ներդաշնակություն. օրը սկսեք և ավարտեք երգով»:

Նույն ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մարությանն էլ կարևորեց ստուգարքը նման ձևաչափով անցկացնելու դոցենտ Վաչագան Նավասարդյանի նախաձեռնությունը, ինչը հնարավորություն է տալիս համոզվել՝ ուսանողները, որոնք նաև ապագա մայրեր են, կարող են անցնել երգի դժվարին ճանապարհը. «Երգի ուժը մեծ է. այն կարող է բարոյական հատկանիշներ փոխել»,-հավելեց պրոֆեսոր Մարությանը:

Նշենք, որ ստուգարք-համերգին հնչեցին Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Խ. Ավետիսյանի, Ա. Բաբաջանյանի և այլ հեղինակների ստեղծագործություններ: