ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ ԱՊՀ մանկավարժական բուհերի հանրային խորհրդի նիստը
20.05.2021
Կայացավ ԱՊՀ մանկավարժական բուհերի հանրային խորհրդի նիստը

ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր մասնակցեց ԱՊՀ մանկավարժական բուհերի հանրային խորհրդի նիստին: Կոնֆերանսը վարում էր ԱՊՀ մանկավարժական բուհերի հանրային խորհրդի նախագահ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Լուբկովը:

Վերջինս կարևորեց հունիսի 17-ին Մոսկվայում կայանալիք մեծ ֆորումը ԱՊՀ երկրների տարածքում ինտեգրվելու տեսանկյունից և կարևորեց մանկավարժական կադրերի պատրաստման գործընթացին վերաբերող առաջիկա քննարկումները: Ալեքսեյ Լուբկովի կարծիքով՝ այն հարցերը, որոնք պիտի քննարկվեն ֆորումի ընթացքում, անչափ կարևոր են և արդիական մանկավարժական կրթության, մանկավարժական կադրերի պատրաստման վերարժևորման և ընդհանրապես կրթական համակարգի զարգացման համար: Նա առանձնացրեց մի շարք հարցեր, որոնց հանդեպ հատկապես պետք է ներկայացնել բովանդակային մոտեցումներ: Կարևորելով ներկա պայմաններում առցանց ձևաչափով հանդիպումները՝ նա բոլորի ուշադրությունը հրավիրեց մանկավարժական կրթության ներկա վիճակին, ընդհանուր խնդիրներին ու արդի զարգացումներին վերաբերող հարցերի քննարկմանը՝ համեմատական-վերլուծական նյութերի, սեփական փորձի ու մոտեցումների տեսանկյունից:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, 30 տարիների ընթացքում շատ բան է փոխվել, և առաջիկա հանդիպմանը ռեկտորները պետք է հանդես գան մանկավարժական կրթության ասպարեզում առկա համընդհանուր խնդիրների ներկայացմամբ, ազգային կրթական ուղղվածություններից ու առաջնահերթություններից բխող դիրքորոշումներով, որոնք էլ խմբագրումներով ու լրացումներով կդառնան ֆորումին ներկայացվող հիմնական փաստաթուղթը:

ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն անհրաժեշտ, կարևոր և իրադարձային համարեց առաջիկայում կայանալիք ֆորումը, որի կազմակերպումը հնարավորություն կընձեռի մանկավարժական կրթական ընդհանուր տարածքում ուսումնական պլանների վերանայման, վերարժևորման և կատարելագործման հարցերի համատեղ լուծմանը:

Ռեկտորը վստահեցրեց՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ակտիվ և գործնական մասնակցություն կցուցաբերի առաջիկա ֆորումի լավագույնս կազմակերպմանը:

Խորհրդի անդամները ևս կարևորեցին կրթական նման միջավայրում 30 տարուց ի վեր առկա փոփոխությունների, կուտակված խնդիրների և նոր մոտեցումների համատեղ քննարկման անհրաժեշտությունը, փաստեցին, որ մանկավարժական կրթությունն ու մանկավարժական կադրերի պատրաստումը ցանկացած երկրի զարգացման բանալին են: Վերջիններս համոզված են, որ զեկուցողներից յուրաքանչյուրը կրթական համակարգերի իրական փոխհամագործակցության ու համընդհանուր կրթության ասպարեզում հանդես կգա խնդիրների վերլուծության բովանդակային ու մանկավարժական կրթության տեսլականը ներկայացնող զեկուցումներով: Ներկա սոցիալ-քաղաքական իրավիճակում առավել քան անհրաժեշտ է մանկավարժական կադրերի պատրաստման գործընթացում վերանայել կրթական կառուցվածքային փոփոխությունները, թարմացնել ծրագրերն ու դասագրքերը, օգտագործել Խորհրդային Միության տարիների լավագույն փորձը: Այդ առումով բոլոր մասնակիցներն ընդգծեցին բարձր մասնագիտական և գործընկերային համագործակցության դերը խնդիրների լուծման սկզբունքային մոտեցումների և դրանց համատեղ լուծման տեսանկյունից: