ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ առցանց հանդիպում
16.04.2025
Կայացավ առցանց հանդիպում

ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներն օրերս առցանց հանդիպում ունեցան Իսպանիայի թագավորության Անդալուզիայի շրջանի Սևիլիայի «Էրեբունի» համայնքի ղեկավար Հակոբ Յապուջյան- Դերմիշյանի և համայնքում գործող «Մեսրոպ Մաշտոցի» անվան կիրակնօրյա դպրոցի ուսուցչական կազմի հետ։ Մանկավարժական բուհի և կիրակնօրյա դպրոցի միջև փետրվարին կնքվել էր փոխըմբռնման հուշագիր։

Առցանց հանդիպման ընթացքում դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյան֊Մատինյանը, ուսուցչուհիներ Լիաննա Մազմանյան-Սիմոնյանը, Անուշ Խաչատրյանը, Քրիստինե Տոնոյանը, որն ի դեպ ՀՊՄՀ շրջանավարտ է, խոսեցին դպրոցում իրականացվող աշխատանքների մասին, ներկայացրին այն խնդիրները, որոնց բախվում են տարիքային տարբեր խմբերում իսպանախոս և հայախոս երեխաներին հայերենը որպես երկրորդ լեզու սովորեցնելիս:

Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը ներկայացրեց հայաստանյան և Սփյուռքի դպրոցների համար հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ պատրաստող ֆակուլտետի գործունեությունը։  Պրոֆեսորն ընդգծեց՝ կառույցը համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական կրթօջախների հետ, պարբերաբար կազմակերպվող հանդիպումներում  էլ վեր հանում առկա խնդիրներ:

Առցանց հանդիպմանը ուսուցիչներին մասնագիտական արժեքավոր խորհուրդներ փոխանցեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, նշելով՝ աշակերտներն առաջնահերթ պետք է զգան իրենց դասավանդողի սերն ու հաճույքով գիտելիք փոխանցելու պատրաստակամությունը:

Բանասիրական ֆակուլտետի դոցենտ Նաիրա Խաչատրյանը կարևորեց ուսումնական գործընթացում դիդակտիկ նյութերի կիրառումը, ինչպես նաև հայերեն մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտումները, իսկ դոցենտ Կարեն Խանյանը, կիրակնօրյա դպրոցում հայերեն սովորեցնելուց զատ, երեխաների համար կարևորեց ընտանիքներում հայերենն առօրյա-խոսակցական լեզու դարձնելը:

Ավարտին Սևիլիայի «Էրեբունի» համայնքի ղեկավար Հակոբ Յապուջյան-Դերմիշյանը շնորհակալություն հայտնեց ՀՊՄՀ ղեկավարությանը, Բանասիրական ֆակուլտետի ներկայացուցիչներին օգտակար խորհրդատվության համար:

Դեկան Աշոտ Գալստյանը վստահեցրեց՝  հանդիպումները կլինեն շարունակական․ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ է իր խորհուրդներով, մեթոդական ձեռնարկներով մշտական օգնություն տրամադրել «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցին: