ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ դպրոցական երգչախմբերի 15-րդ փառատոնը
18.10.2019
Կայացավ դպրոցական երգչախմբերի 15-րդ փառատոնը

Արդեն 15 տարի է՝ Մանկավարժական համալսարանում անցկացվում է հանրապետության դպրոցական երգչախմբերի փառատոնը: Այն այս տարի հոբելյանական էր և նվիրված էր մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին:

Փառատոնին մասնակցում էին Երևանի, տարբեր մարզերի դպրոցների շուրջ 10 երգչախմբեր, անհատ կատարողներ: Մասնակից երգչախմբերի խմբավարներն ու նվագակցողների հիմնական մասը Մանկավարժական համալսարանի շրջանավարտներ են: 

Երգչախմբերը կատարեցին տարբեր կոմպոզիտորների, հատկապես Կոմիտասի ստեղծագործություններ՝ այդկերպ իրենց խոնարհումն ու հարգանքը տածելով վարդապետի ծննդյան 150-ամյակի առթիվ:

«Եթե Կոմիտասը ողջ լիներ, կզարմանար և կհիանար այս հրաշքը տեսնելով. լեփ-լեցուն դահլիճը մաքուր ու անաղարտորեն կատարեց հայկական երգեր: Շնորհակալ ենք ձեր ուսուցիչներին, որոնք նվիրյալներ ու հերոսներ են, ինչպես նաև ծնողներին՝ իրենց երեխաներին երգչախմբեր ուղղորդելու համար»,-նշեց միջոցառման նախաձեռնող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արկադի Շեկունցը և հիանալի համերգի համար շնորհավորեց մասնակիցներին, խմբավարներին: Պրոֆեսոր Ա. Շեկունցը հավաստիացրեց՝ թեև Կոմիտասի ստեղծագործությունները կատարելը դժվար է, բայց կարևոր է վստահ լինել՝ առանց նրա ստեղծագործական ժառանգության հայ երաժշտությունը կլիներ չափազանց աղքատիկ:

Փառատոնի ավարտին ՀՊՄՀ-ի կողմից խմբավարներն ու մասնակիցներն արժանացան պատվոգրերի: