Էրազմուս+ MODEST ծրագրի շրջանակներում «Դոկտորական դպրոց» ծրագրի վերապատրաստումները տեղի ունեցան Աղավնաձորի ուսումնական բազայում առաջին անգամ նոյեմբերի 9-11-ը, ապա՝ ասպիրանտների և հայցորդների խնդրանքով դեկտեմբերի 17-ին մեկնարկեց 2-րդ փուլը: Ծրագրին մասնակցեց 11 ասպիրանտ և հայցորդ:
Դպրոցի նպատակն էր մասնակիցներին զինել հետազոտություն և գիտական նորարարություն իրականացնելու հմտություններով և գիտելիքներով: Դասախոսություններով հանդես եկան Էրազմուս+ MODEST ծրագրի ՀՊՄՀ փորձագետները և անդամները: Դասախոսությունների ընթացքում ներկայացվեցին Էրազմուս+ MODEST ծրագրի շրջանակներում մշակված դասընթացները, վերապատրաստման մոդուլները, ինչպես նաև ՀՊՄՀ-ում ստեղծված դոկտորական դպրոցի գործունեությունը:
Մասնավորապես ներկայացվեցին հետևյալ թեմաները՝ հետազոտության իրականացում և մեթոդիկա, հետազոտության իրականացման ութ քայլ մոդելը, դոկտորական դասընթացների կրթական վերջնարդյունքի ձևավորվումը, ակադեմիական գրագիտությունը և ներկայացման հմտությունները, հետազոտության էթիկան և անձնական տվյալների պաշտպանություն, դոկտորական դպրոցի կազմակերպման գործընթացները, հետազոտությունների արդյունքների կոմերցիոնացում, հաղորդակցում և համագորակցություն և թվային գրագիտություն:
Ծրագրի ավարտին մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր:
Նշենք, որ Էրազմուս+ MODEST (Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը) ծրագիրը իրականացվել է 2019-2022թթ.։ Ծրագրի նպատակն էր Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունների ընդլայնումը հետբուհական կրթության ոլորտում: