ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ Էրազմուս+ BOOST եռամյա ծրագրի ամփոփիչ համաժողովը
14.10.2020
Կայացավ Էրազմուս+ BOOST եռամյա ծրագրի ամփոփիչ համաժողովը

Հոկտեմբերի 12-ին անցկացվեց Էրազմուս+ BOOST /Հայաստանյան բուհերի ռազմավարության և մարկեթինգի խթանում/ եռամյա ծրագրի ամփոփիչ համաժողովը:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիրը մեկնարկել էր 2016 թվականին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համակարգմամբ: Ծրագրի հայաստանյան գոծընկերներն են Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը, իսկ պետության մասնակցությունն ապահովել են ԿԳՄՍ նախարարությունը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը: Ծրագրի եվրոպական գործընկերներն են Իսպանիայի Կատալոնիայի պոլիտեխնիկական և Վերգիլիոսի և Ռովիրայի համալսարանները, Էստոնիայի Տալինի տեխնիկական համալսարանից, Ստոկհոլմի թագավորական տեխնիկական համալսարանը և Լիսաբոնի տեխնիկական համալսարանը:

Ծրագրի նպատակն էր խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքակազմ:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ներկայացնելով համավարակի և պատերազմի պատճառով առկա մարտահրավերները կրթական գործընթացներում՝ նախարարի տեղակալը նշեց, որ նախարարությունը և կրթական հաստատություններն առավելագույն ջանք են գործադրում կրթության իրավունքի իրացման, կրթության շարունակականության ապահովման համար՝ բարեփոխումների օրակարգում առանձնահատուկ կարևորելով բարձրագույն կրթության միջազգայնացմանն ուղղված ծրագիրը: Նախարարի տեղակալը հավելեց, որ Էրազմուս+ BOOST ծրագրի ձեռքբերումներն զգալի են բարձրագույն կրթության որակի բարելավման և հայաստանյան բուհերի միջազգայնացման առումով և որ ԿԳՄՍ նախարարությունը հանձնառու է ապահովել ծրագրի շարունակականությունը:

Ըստ նախարարի տեղակալի՝ ակնհայտ է, որ կրթության միջազգայնացումն աշխարհում տիրող պանդեմիայի հետևանքով խաթարված է: Փոխելով միջազգայնացման ձևը՝ առաջնահերթությունը տրվելու է «Միջազգայնացում տնից» բաղադրիչին՝ նախկինում լայն կիրառություն ունեցող շարժունության փոխարեն:

Էրազմուս+ գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը և ՀՊՄՀ-ի աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Արա Երեմյանը նույնպես հանդես եկան ողջույնի խոսքով:

Նրանք շեշտեցին միջազգայնացման կարևորությունը հատկապես ներկա մարտահրավերների պայմաններում: Ծրագրի համակարգող, ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքը և հիմնական ուղենիշները, ինչպես նաև ցուցադրվեց ծրագրի իրականացման ընթացքը ներկայացնող հոլովակ: Համաժողովը շարունակվեց ծրագրի ձեռքբերումների ներկայացմամբ:

Մասնավորապես, Ամերիկյան համալսարանի փոխնախագահի օգնական Անահիտ Օրդյանը և ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ Տաթևիկ Ղարիբյանը ներկայացրին ծրագրի արդյունքում մշակված բարձրագույն կրթության միջազգայնացման հնգամյա ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը: Վանաձորի պետական համալսարանի աշխատակից Գոհար Դոխոլյանն ու ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժնի աշխատակից Ռաիսա Ավետյանը ներկայացրին ծրագրի մյուս աշխատանքային փաթեթների արդյունքները՝ այն է բուհերի միջազգայնացման ընթացակարգերը, www.studyinarmenia.am կայքը, ինչպես նաև Study in Armenia հոլովակը:

Ծրագրի շրջանակներում ստեղծված հոլովակը և կայքը կնպաստեն Հայաստանի տեսանելիության բարձրացմանը` որպես կրթական ուղղություն և կխթանեն միջազգային ուսանողների հոսքին մեր երկիր: Համաժողովը ամփոփվեց ծրագրի ԵՄ գործընկերների ելույթով:

Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ծրագրի հերթական համակարգման հանդիպումը Հայաստանյան գործընկերների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի վերջնական հաշվետվության իրականացման հետ կապված հարցեր, ինչպես նաև ծրագրի վերջնարդյունքների տարածման ուղիների մշակում: