ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ Հագուստի մոդելավորման բաժնի ավարտական աշխատանքների ցուցադրությունը
01.06.2017
Կայացավ Հագուստի մոդելավորման բաժնի ավարտական աշխատանքների ցուցադրությունը

Այսօր Մանկավարժական համալսարանում կայացավ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների ավարտական աշխատանքների ցուցադրությունը:

Բակալավրի և մագիստրատուրայի շուրջ 25 ուսանողներ իրենց ավարտական աշխատանքները ներկայացրին որևէ թեմայի վերաբերյալ հավաքածուով՝ 3-5 հագուստ: Ի դեպ, հագուստները ներկայացնող մոդելները Մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության բաժնի ուսանողներն էին:

Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի դասախոսներ Արամ Նիկոլյանն ու Լիլիթ Մելիքյանը համարում են, որ ցուցադրությունը կարևոր քայլ է ապագա դիզայներների համար, հատկապես, որ նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները իրականացրել են ուսանողները՝ երաժշտությունից մինչև մոդելների ընտրություն:

«Սա միջավայր է, որտեղ կրթվում են, իսկ կրթությունը բոլոր մասնագիտությունների հիմքն է: Այստեղ կան ուսանողներ, որոնց ակնկալում եմ տեսնել նաև պրոֆեսիոնալ ասպարեզում»,- aspu.am-ին ասաց Արամ Նիկոլյանն ու անդրադառնալով ուսանողական հավաքածուներին՝ հավելեց, դրանք տարբեր են, կարևորն այն է, որ ընձեռվեց հնարավորություն ծանոթանալու դիզայներական հետնաբեմին:

Ասիստենտ Լիլիթ Մելիքյանը ևս կարևորեց ուսանողական աշխատանքների ցուցադրությունը՝ ընդգծելով, որ դիզայներների համար լսարանային քննությունը քիչ հնարավորություններ է ստեղծում ներկայացնելու հետաքրքիր մտահղացումներ ունեցող և ստեղծագործ մարդու աշխատանքը:

«Երբ միջամտում ես, հաճախ խանգարում ես» կարգախոսով է առաջնորդվել Լիլիթ Մելիքյանը ուսանողների հետ աշխատելիս՝ վստահ լինելով, որ նման մեծ ցուցադրության պատրաստվելիս ուսանողը ավելի լուրջ կմոտենա աշխատանքների նաև որակական կողմին՝ սկսած կարի որակից մինչև աքսեսուարների ընտրություն. սա նրանց վերջին շանսն էր պատկերացնելու համար, թե ինչպես կարող են պրոֆեսիոնալ ցուցադրություն կազմակերպել:

«Մեր նպատակն է, որ ուսանողն իր ուրույն մտածելակերպն ունենա և չկրկնվի»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Մելիքյանն ու հավելեց, որ հավաքածուներում կան նաև բարդ և ժամանակատար աշխատանքներ, որոնք ստեղծել են ուսանողները՝ ուսումնասիրելով տարբեր հեղինակների աշխատանքներ:

Ուսանողների ավարտական աշխատանքները ցուցադրության ընթացքում գնահատում էր մասնագետներից կազմված հանձնաժողովը՝ Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, դիզայներ Արթուր Արմենյանի ղեկավարությամբ:

«Ցուցադրությունը մի բան է, պաշտպանությունն այլ»,- նշեց հանձնաժողովի ղեկավարն ու հավելեց, որ ցուցադրության մեջ պրոֆեսիոնալ մակարդակ կար՝ չնայած նրան, որ սա իսկական արվեստ մտնելու ուսանողների առաջին քայլն էր: Պրոֆեսորը հավելեց նաև, որ նման ձեռնարկի կազմակերպմամբ Մանկավարժական համալսարանը համարձակ քայլ կատարեց, ինչը վկայում է մասնագիտության հանդեպ լուրջ մոտեցման և վերաբերմունքի մասին: