ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ Հագուստի մոդելավորման բաժնի ավարտական աշխատանքների ցուցադրությունը
30.05.2018
Կայացավ Հագուստի մոդելավորման բաժնի ավարտական աշխատանքների ցուցադրությունը

ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Հագուստի մոդելավորման բաժնի ուսանողներն իրենց ավարտական որակավորման քննությունները հանձնեցին յուրօրինակ ցուցադրությամբ:

Բակալավրատի 26 ուսանող ցուցադրության էր ներկայացրել նվազագույնը 3 աշխատանք, որոնցում ներկայացրել էին հագուստի մոդելավորող դառնալու ճանապարհին ձեռք բերած գիտելիքները, տարբեր գործվածքների հետ աշխատելու հմտությունները, ոճային առանձնահատկությունները:

Հագուստների հավաքածուներում ուսանողներն հիմնական շեշտը դրել էին ազգայինի վրա` ժամանակակից մեկնաբանությամբ ու լուծումներով: Հատկանշական է, որ դրանք ցուցադրում էին հիմնականում ուսանողները՝ հագուստների հեղինակները կամ որպես մոդելներ հանդես էին գալիս բուհի Պարարվեստի մանկավարժության բաժնի ուսանողները:

Հագուստների ստեղծման գործում ապագա դիզայներներն ու հագուստի մոդելավորողները կիրառել էին գոբելենի, կարպետի, ասեղնագործության տարրեր, հաջողությամբ դրանք համադրել տարատեսակ կտորների և գործվածքների հետ:

aspu.am-ի հետ զրույցում Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանն ընդգծեց, որ այս տարվա շրջանավարտները տարբերվում էին իրենց համարձակությամբ. «Հագուստի մոդելավորող դառնալու ճանապարհին շատ կարևոր է, թե ուսանողները մասնագիտական ինչ մթնոլորտում են աշխատում: Մեծ ձեռքբերում է, երբ ուսանողներն հնարավորություն ունեն իրենց հավաքածուները ցուցադրել պոդիումում. սա վկայում է բուհի՝ մասնագիտության հանդեպ լուրջ մոտեցման և վերաբերմունքի մասին»,-նշեց Անուշ Եղիազարյանն ու հավելեց, որ սա ուսանողների և իր, դասախոսներ Լիլիթ Մելիքյանի, Մարինա Վանյանի և Արամ Նիկոլյանի հետ համատեղ 1 տարվա աշխատանքի արդյունք է:

Ամբիոնի վարիչը հավելեց, որ ցուցադրությանը հաջորդում է նաև բանավոր քննությունը. ուսանողներն իրենց հավաքածուները ներկայացնում են տեսականորեն՝ սկսած հագուստի ստեղծման պատմությունից ու ոգեշնչումից մինչև տեխնիկայի, գործվածքի ընտրություն: