ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ «Հայրենիքի համար» կենսագրական հանրագիտարանի շնորհանդեսը
05.10.2021
Կայացավ «Հայրենիքի համար» կենսագրական հանրագիտարանի շնորհանդեսը

«Մենք այսօր հիշատակի ուխտ ենք կատարում համալսարանի զոհված ուսանողների և պատերազմի մասնակից աշխատակիցների հիշատակի առաջ, որպեսզի նոր սերնդի երիտասարդները գիտակցումով ու պատասխանատվությամբ գնահատեն նրանց հերոսական օրինակն ու մշտապես վառ պահեն նրանց հիշատակը»,-այսօր Մանկավարժական համալսարանում կայացած «Հայրենիքի համար» կենսագրական հանրագիտարանի հանրային շնորհանդեսին նշեց ՀՊՄՀ-ի Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:

«Հայրենիքի համար» գրքում զետեղվել է Արցախի առաջին պատերազմում 17, Ապրիլյան քառօրյայում 1 և Արցախի 44-օրյա պատերազմում 37 զոհվածի կենսագրություն, ինչպես նաև նրանց, ովքեր մարտնչել են հայրենիքի համար և այսօր շարունակում են իրենց գործը հանուն Հայաստանի Հանրապետության․ 270 աբովյանական։

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Ուսուցչի տոնին, բանախոսը նկատեց՝ օրը լցված է ոչ միայն մեր ուսանողների հիշատակի տուրքով, այլև՝ մեր ինքնությամբ՝ Ուսուցչի օրով:

Գիտական գրադարանի տնօրենը շնորհավորեց երկրի բոլոր ուսուցիչներին և նկատեց՝ դահլիճում նստած յուրաքանչյուրը հիշում է իր ուսուցչին, իսկ հաջորդ տարի մանկավարժներ պատրաստող բուհը կնշի իր հիմնադրման 100-ամյակը. նշանակում է համալսարանը հարյուր հազարավոր ուսուցիչներ է պատրաստել և հպարտ է իր այդ առաքելությամբ:

Միջոցառմանը ներկա էին նաև արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները. բուհի Գիտական խորհրդի որոշմամբ, զոհված 37 համալսարանականներին «Մանկավարժական համալսարան» մեդալներ և խորհրդանշական գումար հանձնեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը, դեկանները, հենակետային վարժարանի տնօրենը, ստորաբաժանումների ղեկավարները:

«Այսօր այս դահլիճում մենք մեկտեղել ենք մեր զոհվածների՝ սուրբ նահատակների հարազատներին, որպեսզի ևս մեկ անգամ մեր հարգանքի տուրքը մատուցենք նրանց, որպեսզի կիսենք ձեզ հետ մեր փոքր ազգի գոյամարտի արդյունքի ծանր բեռը, գոյամարտ, որը դեռ շարունակվում է և հանուն որի՝ հանուն հայրենիքի և ազգի գոյատևման իրենց կյանքը տվեցին մեր երիտասարդները»,- նշեց ռեկտոր Աշոտ Խոեցյանը:

Վերջինս ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանի համար այս հանդիպումը մեծ խորհուրդ ունի. մեր հերոսները ճակատագրի նման նստած են համալսարանի պատմության հիմքում, և նրանց օրինակը հարստացնում է 100-ամյա պատմություն ունեցող բուհի կենսագրությունը. «Ձեր զավակներն իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, նոր սերնդի և մեր ժողովրդի գոյատևման: Մեր ֆիզիկական գոյությամբ շնորհակալ ենք նրանց.նրանք զոհեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը: Այսօր նաև ուսուցչի մեծարման օրն է, ամենակարևոր մասնագիտության, որ մարդու մեջ դաստիարակում է հայրենասիրություն, սեփական երկրի, հայ ժողովրդի հողի նկատմամբ պատասխանատվության զգացում»:

Ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը հիշատակեց արցախյան պատերազմներում զոհված բուհի մի շարք ուսանողների և շրջանավարտների, որոնք արժանացել են բարձր կոչումների և պարգևների. «Հայրենիքի համար» գիրքը՝ ձեր զավակների հերոսական կենսագրականը, կմնա հերոսության և հայրենասիրության օրինակ»:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմի զոհերի հիշատակը և ծաղկեպսակ դրեցին նրանց հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի մոտ: