ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ ՀՊՄՀ-ի Խորհրդի հերթական նիստը
07.03.2019
Կայացավ ՀՊՄՀ-ի Խորհրդի հերթական նիստը

Այսօր կայացավ Մանկավարժական համալսարանի Խորհրդի հերթական նիստը։ Խորհրդի անդամները միաձայն հաստատեցին նիստի օրակարգը, որի առաջին հարցի՝ բուհի 2018 թվականի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման հաշվետվությունը ներկայացրեց ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Արա Երեմյանը։

Վերջինս ներկայացրեց ծրագրի իրավական և մեթոդաբանական հիմքերը՝ ուսումնական ծրագրերի մշակման, ուսանողների գնահատման հաշվետվողականության և թափանցիկության, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության խթանման գործիքակազմերը և հավելեց, որ դրանցով են առաջնորդվել նաև ընթացիկ տարվա ծրագիրը գրելու ընթացքում։

Էականորեն կրճատել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնել բուհում մատուցվող հանրային ծառայությունների որակը, զգալիորեն բարելավել սոցիալական արդարության ընկալումը, ամրապնդել բուհի մրցունակությունը և գրավչությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում և այլն․ ծրագրի այս և այլ նպատակներից բացի, պրոռեկտոր Երեմյանը խոսեց նաև ծրագրի հիմնական խնդիրների մասին։

Ծրագրի իրականացման գործում պրոռեկտորը կարևորեց Համալսարանի կառավարման մարմինների, վարչական անձնակազմի, Ուսանողական խորհրդի, Արհմիութենական կազմակերպության, ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի դերը և մանրամասն ներկայացրեց այն բոլոր ռիսկերը, որոնք թույլ կտան էականորեն կրճատել կոռուպցիոն ռիսկերը՝ ֆինանսական միջոցների բաշխման ու ծախսման թափանցիկության և հրապարակայնության ապահովումից մինչև դիպլոմի տրամադրման հավաստիությունը ստուգելու համար Էլեկտրոնային համակարգի ստեղծում ու ընթացիկ և որակավորման քննությունների ընթացքում հանդիպող ռիսկեր։ Խոսելով Համալսարանի 2016-2020թ.թ. զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված 2018թ. գործողությունների կատարման պլանի իրականացման մասին՝ Արա Երեմյանը հավելեց, որ դրա բաաղադրիչների կատարման ընթացքը քննարկվել է բուհի կառավարման համապատասխան մակարդակներում։

Խորհրդի անդամներն իրենց խոսքում կարևորեցին հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման վերաբերյալ ուսանողների շրջանում հարցումների անցկացնելու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա հաջորդ ուսումնական տարվա ընթացքում կատարել նախանշված բացթողումները բարելավելու քայլեր։ Հարցին ի պատասխան՝ պրոռեկտոր Երեմյանը հավելեց, որ սահմանվել է հստակ գրաֆիկ բակալավրիատի, առաջիակայում՝ նաև մագիստրատուրայի կրթական ծրագրերում «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական խնդիրները» թեմայով դասընթաց ներդնելու համար։ Խորհրդի անդամները միակարծիք են՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար առաջին հերթին կամք է պետք։

Խորհրդի անդամ, ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ևս մեկ անգամ կարևորեց Խորհրդի նման ձևաչափով հանդիպումները, որոնք հնարավորություն կտան լուծել նաև հանրակրթության առջև ծառացած խնդիրները։ Փոխնախարարն այն կարծիքին է, որ չնայած մշակվել են բազմաթիվ կարգեր, բայց կարևոր է քաջություն ունենալ և բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք այսօր կան մանկավարժության ոլորտում։

Խորհրդի անդամներին ներկայացվեց նաև 2019թ. հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը՝ նպատակներից մինչև խնդիրներ, իրականացման նախադրյալներ, սկզբունքներ և ծրագրի իրականացման միջոցառումների պլան։

Խորհրդի անդամները ծավալեցին շահագրգիռ քննարկում, որի բուն նպատակը բուհում ընթացիկ բարեփոխումներին նպաստելն է։   Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի շուրջ որոշակի առաջարկներ արվեցին, որոնք ընդունվեցին և կարտացոլվեն ծրագրում։ Քվեարկությամբ հաստատվեց և′ բուհի հակակոռուպցիոն  ռազմավարության ծրագիրը, և′ 2018 թվականի հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի իրականացման հաշվետվությունը։