ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ ՀՊՄՀ երաժշտության բաժնի համերգ-ստուգատեսը
31.05.2023
Կայացավ ՀՊՄՀ երաժշտության բաժնի համերգ-ստուգատեսը

ՀՊՄՀ Երաժշտության ամբիոնի նախաձեռնությամբ Ոսկեվազ համայնքում կայացավ արդեն ավանդական դարձած համերգ-ստուգատես, որտեղ հանդես եկան ամբիոնի նվագախմբերը։   
 
Խաչատուր Ավետիսյան, Գևորգ Մանասյան, Տիգրան Չուխաջյան, Առնո Բաբաջանյան, Բաղդասար Գրիգորյան․ այս և հայտնի այլ երաժիշտների ստեղծագործություններ հնչեցին բուհի շրջանավարտ-ուսանողների կատարմամբ և նրանց ղեկավարմամբ։

Համերգին զուգահեռ՝ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալ նաև դարերի պատմություն ունեցող ազգային նվագարաններին, դրանց ստեղծման պատմությանը։

Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանը կարևորում է համերգ-ստուգատեսները՝ ընդգծելով, որ ամբիոնն ունի ազգային նվագարանների, փողային, նվագախմբեր, քանոնահարների և դհոլահարների համույթներ, որոնց գործունեության մասին պետք է շատերն իմանան։

Պրոֆեսոր Գևորգյանը, խոսելով նախաձեռնության մասին, նշեց՝ հանրապետության տարբեր մարզերում կազմակերպվող և արդեն ավանդական դարձած համերգների նպատակն է մեկ անգամ ևս ներկայացնել ազգային նվագարանները, նպաստել դրանց մասսայականացմանը, ինչպես նաև հնարավորություն տալ ապագա երաժիշտներին, դեռևս ուսանողության տարիներին հանդես գալ պրոֆեսիոնալ բեմերից․ «Միջոցառմանը մասնակցեց շուրջ 60 ուսանող, որոնք հնարավորություն ունեցան նախքան ավարտական քննությունները, մեկ անգամ ևս հանդես գալ մեծ բեմից և ներկայացնել իրենց հնարավորությունները։ Ուսման ընթացքում ամեն ինչ արվում է զարգացնելու նրանց կարողությունները, նպաստելու սերնդափոխությանը»,-նշեց Արա Գևորգյանն ու հավելեց՝ այսօր արդեն իսկ ունենք ուսանողներ, որոնք ոչ միայն անթերի ներկայանում են բեմում, այլև նվագախմբեր են ղեկավարում։

ՀՊՄՀ փողային նվագախմբի ղեկավար Կոլյա Մարտիրոսյանն էլ նկատում է՝ նման համերգները վստահություն են տալիս ուսանողին և ինքնադրսևորվելու լավ հնարավորություն։

Նվագախմբի ղեկավարը կարևորում է, որ ուսանողներից շատերն են ուսումնառությունից հետո շարունակում իրենց գործունեությունը տարբեր նվագախմբերում․ կան նաև ուսանողներ, որոնք ստեղծում են սեփական նվագախմբեր։

Համերգին Երաժշտության ամբիոնի Ազգային նվագարանների նվագախմբի կատարմամբ և Մանկավարժականի շրջանավարտ Ազատ Ասլանյանի ղեկավարմամբ հնչեց վերջինիս հեղինակային՝ «Ժամանակ» ստեղծագործությունը։

Ի դեպ, Ազատն ուսանողական ընկերների հետ հիմնել և այսօր ղեկավարում է «Լուսէ» համույթը։ Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ, ՀՊՄՀ շրջանավարտը համերգների շրջանակներում նվագախմբեր ղեկավարելը բացառիկ հնարավորություն է դիտարկում ավարտական կուրսերի ուսանողների համար։ 

ՀՊՄՀ-ն գերազանցությամբ է ավարտում նաև երաժշտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Կամո Արզոյանը։ Վերջինս ցավով ա նկատում՝ արվեստն այսօր հետընթաց է ապրում․ իրենց նպատակն է մեկ անգամ ևս հանրահռչակել ազգային գործիքները, զարգացնել հայկական երաժշտարվեստը։

Դաս-համերգը փորձառություն ձեռք բերելու լավ հնարավորություն է դիտարկում․վստահ է՝ միջոցառման ներկաները, որոնք հիմնականում դպրոցականներ էին ՝ իրենց ուսուցիչների հետ, ՀՊՄՀ նվագախմբերի, ուսանողների կատարումների շնորհիվ, ճանաչեցին և նորովի սիրեցին հայ արվեստի գործերը։

Ոսկեվազի հիմնական դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Մարինե Սիմոնյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը։ Նրա կարծիքով՝ դրանք նպաստում են դպրոցականների գեղագիտական ճաշակի զարգացմանն ու բարձրացմանը։