Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի արտահերթ նիստ։
Օրակարգային առաջին հարցի՝ ՀՊՄՀ հավատարմագրման գործընթացի մասին զեկուցեց Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը։
Նա խորհրդի անդամներին ներկայացրեց բուհի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը և նշեց, որ ըստ պլան-ժամանակացույցի, աշխատանքային խմբերի հետ կազմակերպվել են հանդիպումներ՝ ինքնավերլուծության նախնական տարբերակի քննարկման շուրջ։
Սամվել Ասատրյանը վստահեցրեց՝ կատարվել են համապատասխան դիտարկումներ, տրվել ցուցումներ՝ չափանիշների հիմքերի հավաստիությունը, հասանելիությունը և դրանց հետ կապված աշխատանքները պատշաճ մակարդակով ապահովելու համար։
Գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նկատեց՝ հավատարմագրման գործընթացում ներգրավված բոլոր կառույցները պետք է իրազեկված լինեն փաստաթղթի բովանդակությանը և ակնկալեց ակտիվ քննարկում։
Նա ընդգծեց՝ առաջին անգամ խորքային վերանայվել են բուհի 96 մասնագիտական կրթական ծրագրերը՝ համապատասխանեցնելով առարկայական նկարագրերի վերջնարդյունքներին։ Այսօր էլ աշխատանքները շարունակվում են․ մինչև տարեվերջ վերանայված առարկաների թիվը կավելանա։
Գիտական խորհուրդը հաստատեց Համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնավերլուծությունը:
Նիստի օրակարգային հաջորդ հարցը զեկուցեց Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը՝ քննարկման և հաստատման ներկայացնելով 2024-2025 ուս. տարվա ընդունելության մասնագիտությունները։
Պրոռեկտորը ներկայացրեց ֆակուլտետների խորհուրդների կատարած առաջարկները՝ մասնագիտությունների ցանկի վերաբերյալ․ հաջորդ ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով բուհն ընդունելություն չի կատարի, կլինեն, սակայն, կրթական նոր ծրագրեր։ Այս որոշման համար հիմք են հանդիսացել ընդունելության արդյունքները, մասնագիտությունների նորացված ցանկը, աշխատաշուկայի պահանջները, որոշ մասնագիտությունների գծով դիմորդների սակավությունը։
Սրբուհի Գևորգյանը մեկ անգամ ևս ընդգծեց մանկավարժական կրթության նկատմամբ հասարակության համարժեք վերաբերմունքի ձևավորման կարևորությունը, ուսուցչի իմիջի բարձրացմանն ուղղված քաղաքականության անհրաժեշտությունը։
Բուհի ղեկավարը շեշտեց՝ ԲՏՃՄ առարկաների գծով դպրոցի համար ուսուցիչ պատրաստելը Մանկավարժական բուհի պատվախնդրության հարցն է․ «Մենք ամենաօրյա ռեժիմով աշխատանքներն ենք տանում մանկավարժի մասնագիտությունը գրավիչ, հեռանկարային դարձնելու և հանրակրություն ոլորտում իր տեղն ունենալու ուղղությամբ»։