ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ ՀՊՄՀի-ի Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը
26.12.2019
Կայացավ ՀՊՄՀի-ի Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը

Մանկավարաժական համալսարանի Գիտական խորհրդի տարեվերջյան ընլայնված նիստին մասնակցում էին բուհի ուսանողներն ու պրոֆեսորական կազմը:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց անցնող տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, անդրադարձավ բուհի ուսանողների թվին և դրանով պայմանավորված՝ նաև հաստատության ֆինանսական վիճակին:

Ռեկտորն առանձնակի կարևորեց առաջիկա ուսումնական տարում օտարերկրյա դիմորդների ներգրավումը և ընդգծեց, որ այդ գործում մեծ է ամբիոնների աշխատանքը:

«Ուսման որակի բարձրացումը պետք է լինի առաջնային ուղղություններից մեկը: Կարևոր է որդեգրել հետևյալ սկզբունքը՝ պետք է ընդունվելը հեշտ լինի, սովորելը աշխատատար, իսկ ավարտելը՝ առավելագույն պահանջներով»,-նշեց ռեկտոր Միրզախանյանն ու հավելեց, որ Google Classroom էլեկտրոնային հարթակը լուրջ առավելություն է:

Ռեկտորը հավաստիացրեց, որ բուհը հաջորդ ուսումնական տարում ևս շարունակելու է վարել ուսանողակենտրոն քաղաքականություն, որ ուսանողները հնարավորություն ունենան շփվել, մաս կազմել աշխարհին և լինեն ավելի գրագետ:

Տարեվերջյան ընդլայնված նիստում ռեկտորը ներկայացրեց նաև անցնող տարվա դրամական մուտքերի և ելքերի դինամիկան, բաշխվածությունը, ընդհանուր ուսանողների և 1-ին կուրսեցիների թիվը ըստ տարիների, ինչպես նաև դրամական ելքերի բաշխվածությունն ու 2020-ի բյուջեի նախահաշիվը:

Բուհի գործունեության մյուս մանրամասները ամփոփված էին Մանկավարժական համալսարանի 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող տեսաֆիլմում:

Գիտական խորհուրդը ներկայացված հաշվետվությունն ընդունեց ի գիտություն:

Ներկայացվեց 2019-ի գիտական ձեռքբերումները
Անցնող տարում Մանկավարժական համալսարանի գիտական ձեռքբերումները ներկայացրեց Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ Գիտության պետական կոմիտեից ֆինանսավորվող բազային թեմաների կատարմանը:

Խոսելով ՀՊՄՀ-ի Գիտահետազոտական կենտրոնի հիմնական գործառույթների մասին՝ Կամո Վարդանյանն անդրադարձավ Մանկավարժականի ֆինանսավորմամբ գործող լաբորատորիների կատարած աշխատանքներին, միջազգային գիտաժողովներին, դրամաշնորհային ծրագրերի արդյունքներին: Կենտրոնի ղեկավարը խոսեց նաև կառույցի՝ ինչպես ՀՊՄՀ-ում, այնպես էլ այլ բուհերում իրականացրած պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումների մասին:

Քրեական գործերի փորձաքննություններ, ներգրավում միջազգային գրախոսվող պարբերականներում և այլն. Կամո Վարդանյանը ներկայացրեց 2019-ին կենտրոնի իրականացրած աշխատանքները՝ նախանշելով 2020-ի անելիքները, այդ թվում նաև բուհի գիտական հանդեսները միջազգային գիտաչափական շտեմարաններում ընդգրկվելու կարևորությունը:

Ավանդույթի համաձայն՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց նաև ամսվա հոբելյարին՝ Աշոտ Հարությունյանին, և դոցենտի գիտական կոչման վկայագրեր շնորհեց Սիրարփի Խաչատրյանին, Սվետլանա Մուրադյանին, Սուսաննա Խաչատրյանին և Արմեն Աջամօղլյանին:

Նիստի ավարտին ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ներկաներին տոների առթիվ՝ մաղթելով, որ 2020 թվականը լինի ստեղծագործական նվաճումների, բարեկեցության և ընտանեկան երջանկության տարի: