ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը
30.09.2016
Կայացավ ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցում էին ծրագրի շահակիցներն ու եվրոպական գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները:

Համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի արդյունքները՝ ամփոփելով 4 տարիների ընթացքում կատարված գործողությունները, իրագործման լավագույն փորձը, «Կրթության միջազգային ասոցիացիա»-ն ու դրան անդամագրվելու առավելությունները:

Ներկաներին ողջունեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ նկատելով, որ այն ունեցավ դրական արդյունքեր ու հաջողություններ. «Ծրագրի սկզբնավորումը համընկավ այն վերափոխումների քաղաքականության հետ, որն իրականացնում է Մանկավարժական համալսարանը: Մագիստրոսական նոր դասընթացի մշակումն ու ծրագրի շրջանակներում համատեղ աշխատանքը որակական նոր լիցք հաղորդեցին բարեփոխումների ընթացքին»,-նշեց ռեկտորն ու համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ծրագրի գործընկերներին:

Համաժողովի մասնակիցների ողջունեց և աշխատանքային արդյունավետ ընթացք մաղթեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՊՄՀ-ի խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ օրենսդիր մարմնի անունից վստահեցնելով, որ հնարավորինս աջակցելու են բուհերում նման ծրագրերի իրականացմանը. կրթության որակի բարձրացումը օրվա հրամայականն է:

«Հայերը դարեր շարունակ առանձնակի տեղ են հատկացրել կրթությանն ու դրա որակի բարելավմանը, մեր մի ձեռքը եղել է Հայաստանում, մյուսը Արևմուտքում՝ յուրացնելու համար եվրոպական կրթական համակարգի ձեռքբերումները: 21-րդ դարը գիտելիքի, կիրթ մարդու, կրթված հասարակության դար է, որտեղ առանց փորձի փոխանակման, եվրոպական արժեհամակարգի ներդրման հնարավոր չէ դիմակայել»,-նշեց Էդուարդ Շարմազանովն ու վստահեցրեց՝ կրթական լավ համակարգ ունեցող երկրներում, ուր կա բարոյական և կիրթ հասարակություն՝ կա ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն:

2012 թվականին մեկնարկած ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագրի 4 տարվա արդյունքներն ու ձեռքբերումները ներկայացրեց ծրագրի կառավարման խմբի անդամ Ռուզաննա Մինասյանը՝ ընդգծելով, որ այն յուրահատուկ սկիզբ էր ՀՊՄՀ-ի և հայաստանյան մյուս բուհերի և կարևոր ընթացք գործընկեր հաստատությունների համար:

Կրթության կառավարում մագիստրոսական կրթական ծրագրի ներդրում, Կրթության միջազգային ասոցիացիայի ստեղծում, վերապատրաստումներ, ուսանողների փոխանակում, գրախոսվող միջազգային պարբերականի ստեղծում և այլն. այս և մի շարք ձեռքբերումների թվում Ռուզաննա Մինասյանը հավելեց նաև ծրագրի իրազեկման ուղղությամբ տարված աշխատանքները՝ աշխատաժողովների կազմակերպումից մինչև սեմինարներ ու խմբային հանդիպումներ:

Առաջնորդվելով Մահաթմա Գանդիի՝ «Եթե փորձում ես փոփոխություն իրականացնել, ապա արա այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում» կարգախոսով՝, ծրագիրը դարձել է առաջինը բուհերի համար՝ ստեղծելով կրթության կառավարման մասնագիտություն և հետագայում լավագույն փորձը տարածել մյուս գործընկեր կազմակերպությունների վրա: Ի դեպ, արդյունավետության բարձրացման նպատակով ընթացքում իրականացվել է արտաքին գնահատում, վերանայում, եղել լրացումներ, փորձագիտական խմբերի կողմից կատարվել որակի գնահատում:

«Ոչ մի ծրագիր չէր ունենա արժեք և շարունակականություն, եթե չունենար ակտիվ գործընկերներ: Արդեն 4 տարի անց կարող ենք փաստել, որ իրականացավ ծրագրի կառավարման և գործընկեր կազմի որդեգրած կարգախոսը՝ ամեն ինչ ավարտել հաջողությամբ»,-նշեց Ռուզաննա Մինասյանն ու վստահեցրեց՝ կան վերապատրաստված ուսանողներ, կրթության կառավարում մասնագիտության մագիստրոսներ, մշակված կրթական ծրագրեր, անելիքները շատ են. սա նոր համագործակցության նորովի սկիզբ է:

Ծրագրի կառավարման խմբի իտալացի անդամ Լուիզա Արդիզոնեն էլ հավելեց, որ ծրագիրը չէր ունենա նման արդյունք, եթե չլիներ մասնակից երկրների նվիրական աշխատանքը. «Տարբեր երկրների հաստատությունների ներկայացուցիչներ փորձում էին ինչ-որ բան ստեղծել և բարելավել իրենց երկրներում կրթության որակը»:

Ներկայացնելով Մասնագիտության կրթական ծրագրերի մշակման հայաստանյան փորձը՝ ՀՊՄՀ-ի Կրթության կառավարում ամբիոնի վարիչ Ռիտա Գևորգյանն իր զեկույցում վստահեցրեց՝ ծրագիրը համահունչ է բուհում իրականացվող ռազմավարությանը և միտված է դիմակայելու կրթության ոլորտի մարտահրավերներին:

«Աշխատաշուկայում կրթության ոլորտի լիդերների մեծ պահանջարկ կա, որոնք կարող են ոչ միայն ձեռք բերել մասնագիտական որակներ, կառավարման հմտություններ, կարողություններ, այլև արդյունավետ իրականացնել կրթական բարեփոխումներ, տեղեկացված լինել եվրոպական բուհերի կրթափորձին և դրանք տեղայնացնելով՝ ներդնել մեր իրականության մեջ»,-նշեց Ռիտա Գևորգյանն ու ներկաներին տեղեկացրեց՝ կրթության կառավարում մասնագիտության ՀՊՄՀ-ի շրջանավարտներն արդենիսկ ընդգրկվել են բուհական կրթական համակարգի տարբեր օղակներում՝ ձեռքբերած գիտելքիներն ու պրակտիկ հմտությունները ծառայեցնելով ռազմավարական ուղենիշերի իրականացմանը:

Համաժողովի ընթացքում մասնակիցներն անդրադարձան նաև դրամաշնորհային ծրագրի կարևորությանը, ներկայացրին մասնագիտության կրթական ծրագրերի մշակման և կրթության կառավարման մեջ ուսանողների ներգրավվածության հայաստանյան և վրաստանյան փորձը, ծրագրի որակի ապահովման գործընթացներին որակի ապահովման կենտրոնների անդրադարձը ծրագրին, ինչպես նաև Կրթության միջազգային ասոցիացիայի և համանուն ամսագրի ստեղծման, անդամագրման պայմաններին:

Հիշեցնենք, որ ՀՄՊՀ-ն՝ որպես Ծրագրի ղեկավար, համակարգում է ծրագրի տեխնիկական և ֆինանսական բոլոր խնդիրները: ՄԱՀԱԹՄԱ-ն եռամյա միջազգային ծրագիր է, որի նպատակն է խթանել բարձրագույն կրթության կառավարման փոխակերպումը Հայաստանում և Վրաստանում` բարձրագույն կրթության կառավարման նոր մագիստրոսական ծրագրի և մասնագիտական զարգացման ծրագրերի ներդրմամբ: Արդյունքում ՀՊՄՀ-ում ստեղծվել է Կրթության կառավարման ամբիոն. մագիստրոսական ծրագիրը ներդրվել է 2013 թ. սեպտեմբերից:

Գործընկեր հաստատությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնվեցին հավաստագրեր և հուշանվերներ: