ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ պարուսույց-մանկավարժների համերգ-ստուգատեսը
29.05.2019
Կայացավ պարուսույց-մանկավարժների համերգ-ստուգատեսը

Ամեն տարի Մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության բաժնի ուսանողները որակավորման քննությունները հանձնում են համերգով:

Այս տարի համերգ-ստուգատեսը նվիրված էր Կոմիտասի 150 և Արամ Խաչատրյանի 115-ամյա հոբելյաններին: Պարաբեմադրությունները ուսանողների 1 տարվա աշխատանքի, գործունեության, ստեղծագործական մոտեցումների արդյունքն էին, որ մեկտեղել էին ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու կատարողական վարպետությունը:

Համերգը յուրահատուկ էր հատկապես այն տեսանկյունից, որ պարային բեմադրությունները կատարվել էին Կոմիտասի և Ա. Խաչատրյանի ստեղծագործությունների հիման վրա:  

Կոմիտասն ասել է՝ պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը՝ մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը. ուսանողներն իրենց պարաբեմադրություններով ոչ միայն բնորոշեցին այդ բարքն ու քաղաքակրթությունը, այլև բարձր կատարողականությամբ ևս մեկ անգամ հավաստեցին՝ հայ ազգային պարը հուսալի ձեռքերում է:

Հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին ուսանողների համերգ-ստուգատեսը և հույս հայտնեցին, որ շրջանավարտները՝ որպես պարուսույց-մանկավարժներ կլինեն հայ բազմադարյան պարի իսկական ժառանգորդներն ու նվիրյալները՝ իրենց գիտելիքները սերնդեսերունդ փոխանցելու պատրաստակամությամբ:

Նշենք, որ 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների կուրսի ղեկավարը մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Վերա Ավետիսյանն է, իսկ դասախոս-փորձավարը՝ Տաթևիկ Սիմոնյանը: