Կայացավ Սկզբնական կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ տպագրված «Պատանի մաթեմատիկոս հանրագիտարան»-ի շնորհանդեսը։
ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց հանրագիտարանի լույսընծայման առթիվ և հավելեց, որ այն համահունչ է բուհի այս տարվա կարգախոսին՝ «360 օր դպրոցում՝ ուսուցչի հետ և աշակերտի կողքին»։ Նա ընդգծեց Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանի և ֆակուլտետի, ամբիոնների աշխատակազմերի տքնաջան ու արդյունավետ աշխատանքը։
Ռեկտորն առանձնակի շնորհակալություն հայտնեց գրքի հեղինակներին՝ Բաբկեն Ներսիսյանին և Աիդա Կարապետյանին՝ մշտապես դպրոցում լինելու և դպրոցի կարիքներին արձագանքելու, դրանք բուհական համակարգում ներկայացնելու, բուհ-դպրոց-հասարակություն հարթակը մշտապես նորանոր ձեռքբերումներով համալրելու համար:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը շնորհավորեց գործընկերներին հանրագիտարանի լույսընծայման առթիվ, իսկ Մաթեմատիկայի և տարրական ուսուցման ամբիոնի վարիչ Քնարիկ Հովհաննիսյանը ներկայացրեց «Պատանի մաթեմատիկոս հանրագիտարան»-ն ու դրա հեղինակներին։
Քնարիկ Հովհանիսյանը հիշեց 1986 թվականը, երբ որպես աշակերտ, մասնակցում էր Արարատի մարզի դպրոցական օլիմպիադային և առաջին անգամ հանդիպեց Բաբկեն Ներսիսյանին։
«Նա փոխեց իմ մտածելակերպը ապագա մասնագիտության հանդեպ։ Ես որոշեցի մաթեմատիկոս դառնալ՝ չերազելով անգամ, որ մի օր առիթ եմ ունենալու ներկայացնելու նրան»,-նշեց Քնարիկ Հովհաննիսյանն ու ընդգծեց, որ հանրագիտարանի հեղինակներն իրենց գործունեությունն սկսել են հարակրթական դպրոցից, անցել տարբեր դասագրքերով ուսուցանելու ոչ դյուրին ճանապարհ, ուսուցիչների և աշակերտների համար ստեղծել նման աշխատանք՝ դպրոցը կապելով բուհին:
Ամբիոնի վարիչն անդրադարձավ նաև հանրագիտարանին՝ որպես հայերեն առաջին դասագիրք-ուղեցույց և հավելեց, որ ներկայիս մանկավարժական մտքի տենդենցները գնում են դեպի արտերկրյա մտածողության հայեցակարգեր․ այդ համատեքստում շատ կարևոր են հայ մանկավարժական մտքի, հայ մաթեմատիկական մտքի պատմության այսօրինակ փոխանցումը սերունդներին:
«Սա ձեռքբերում է Մանկավարժական համալսարանի, Սկզբնական կրթության ֆակուլտետի, ամբիոնի և ողջ ուսուցչական համակազմի համար: Ակնկալում եմ, որ այն հետագիծը, որը բոլորիս համար ուղենշել են մեր պատկառելի մանկավարժները, հատկանշական օրինակ կլինի սերունդների համար»,-նշեց ամբիոնի վարիչը։
Հանրագիտարանի հեղինակների պատգամը փոխանցեցին բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանին՝ թանգարանին կամ գրադարանին ի պահ տալու ակնկալիքով, որ Մանկավարժական համալսարանի 200-ամյակին և գրքի 100-ամյակին կբացեն սրվակը և կկարդան պատանիներին ուղղված ուղերձը:
Հանրագիտարանի հեղինակներից Աիդա Կարապետյանը ներկայացրեց գրքի ստեղծման աշխատանքը՝ հուսալով, որ այն կդառնա ընթերցողների բարեկամն ու ուղեկիցը: «Հուսով ենք, որ հանրագիտարանը պատանիներին կծանոթացնի մաթեմատիկայի կիրառման զարգացումներին, մաթեմատիկական գիտական տերմիններին, կձևավորի մաթեմատիկական տրամաբանական մտածողություն, կլուծի բազմաթիվ խնդիրներ, որոնք ի հայտ կգան մասնագիտական ուսումնական գործընթացում և օգտակար կլինի մաթեմատիկայով հետաքրքրված յուրաքանչյուրին»,-հավելեց Աիդա Կարապետյանը։
Գրքի շնորհանդեսին ելույթ ունեցողները կարևորեցին հանրագիտարանի հրատարակությունը։
Պրոֆեսոր Համլետ Միքայելյանն ամբիոնի կայացման գործում ընդգծեց պրոֆեսոր Հայկունի Հարությունյանի դերը, ապա անդրադառնալով հանրագիտարանին՝ հավելեց, որ նրանում մաթեմատիկան ներկայացված է շատ հետաքրքիր, մաթեմատիկական գաղափարները՝ զարգացման և փոխհարաբերությունների մեջ, իսկ մաթեմատիկան չոր չէ։
Մանկավարժության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն էլ ընդգծեց, որ յուրաքանչյուր գիրք, այդ թվում նաև այս հանրագիտարանը, մեզ զարգացնում է, հպարտացնում. այն ոչ միայն հեղինակներինն է, այլև բոլորինը: Պրոֆեսոր Թոփուզյանը հորդորեց մյուս ամբիոնների ղեկավարներին մտածել նմանօրինակ հանրագիտարաններ ստեղծելու մասին:
Գրքի հեղինակներին շնորհավորեցին նաև համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտներ Վարազդատ Վարդազարյանը և Սևադա Խաչատրյանը: