ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ պրոֆեսոր Գևորգ Կարապետյանի մենագրության շնորհանդեսը
24.01.2020
Կայացավ պրոֆեսոր Գևորգ Կարապետյանի մենագրության շնորհանդեսը

ՀՊՄՀ-ի գիտական գրադարանում կայացավ աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Կարապետյանի՝ «Բնական և մարդածին աղետներ, դրանց առաջացման պայմանները, արտահայտման ձևերը, կառավարման հնարավորությունները» խորագրով մենագրության շնորհանդեսը:

Պրոֆեսորի մենագրության մեջ ներկայացված են տարբեր աղետների առաջացման պայմանների, դրանց արտահայտման ձևերի, պատճառվող վնասների և կառավարման ժամանակակից հիմնախնդիրների հիմնորոշ արդյունքները:

Շնորհանդեսին ներկա էին ՀՊՄՀ-ի և այլ բուհերի գործընկերներ, գիտնականներ, ուսանողներ, աշխարհագետներ: Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը շնորհավեց պրոֆեսորին գրքի լույսընծայման առթիվ և ընդգծեց, որ խորհրդանշական է դրա շնորհանդեսը կրթության միջազգային օրն անցկացնելը:

«Սա բազում տարիների աշխատանք է, որ կոչված է շատ կարևոր մի փաստի՝ աշխարհի պահպանմանը: Մենք բոլորս մտահոգվում ենք տարբեր աղետների և դրանց հետևանքների մասին. գրքում պայքարի ձևերի մասին է խոսվում»,-նշեց Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Սադոյանը շնորհավորեց նաև պրոֆեսորի ծննդյան 80 և գիտամանկավարժական գործունեության 55-ամյակը:

«Գիրք, մենագրություն գրելը ինքնանպատակ չէ: Եթե աշխատությունը չի կիրառվում և մնում է գրադարակներում, ուրեմն այն հաջողված չէ: Ես վստահ եմ, որ այս ձեռնարկը դրանցից չէ»,-նշեց դեկանն ու խոսեց պրոֆեսորի մեծագույն ավանդը գիտության՝ հատկապես քարտեզագրության և գեոդեզիայի ոլորտում:

Գրքի խմբագիր, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ  Ներսես Սամվելյանն էլ նշեց, որ ուսուցչի կերպարին ծանոթ էր դպրոցից, իսկ դասախոսի կերպարին առաջին անգամ ծանոթացել է Գևորգ Կարապետյանի հետ շփվելով, նրա դասախոսությունները լսելով: Վերջինս պրոֆեսորի գիտական աշխատությունը բնութագրեց հատկապես բովանդակային դիտարկումների տեսանկյունից և կարևորեց օրեցօր խորացող ճգնաժամերի կառավարման ու մեղմացման բոլոր միջոցները ներկայացնող գիրքը: «Պետք է գնահատել , արժևորել մարդու ստեղծածը, կատարած գործը: Այս գրքի շնորհանդեսը լավագույն առիթ է, որ արժանի գնահատական տանք պրոֆեսոր Գևարգ Կարապետյանին»,-հավելեց Ներսես Սամվելյանը:

Մենագրության լույսընծայման առթիվ պրոֆեսորին շնորհավորեցին նաև տարբեր բուհերից նրա գործընկերները, բարձր գնահատեցին պրոֆեսորի գիտամանկավարժական գործունեությունն ու գրքի կարևորությունը: Նրանք առանձնակի ընդգծեցին գրքի՝ կիրառական նշանակություն ունենալու հանգամանքը և հույս հայտնեցին է, որ այն հնարավորություն կտա կառավարելու աղետների հետևանքով առաջացած հիմնախնդիրները:

Ձեռնարկը նախատեսված է աշխարհագրական մասնագիտացման մագիստրոսների, ասպիրանտների, բնապահպանների, էկոլոգների և բոլոր նրանց համար, ովքեր հետարքրվում են աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող ժամանակակաից գործընթացների հիմնահարցերով: