ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Կայսրություններն ապագա չունեն և դատապարտված են մահվան». Ռուբեն Միրզախանյան
24.10.2019
«Կայսրություններն ապագա չունեն և դատապարտված են մահվան». Ռուբեն Միրզախանյան

20-րդ դարը կայսրությունների կործանման ու ազգային մի շարք պետությունների առաջացման դարաշրջան էր:

«Առաջին և Երկրորդ աշխարհամարտերից հետո Ավստրո-Հունգարական, Ռուսական կայսրությունների և ԽՍՀՄ փլուզումով ևս մեկ անգամ հաստատվեց մի ճշմարտություն՝ պատմությունը ոչինչ չի սովորեցնում»,-նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանն՝ այսօր բուհում մեկնարկած եռօրյա միջազգային գիտաժողովի բացմանը:

«Կայսրությունների փլուզումը XX դարում. նոր պետություններ և նոր ինքնություններ» խորագրով գիտաժողովի բացման իր խոսքում նա անդրադարձավ վերջերս կայացած թուրքալեզու պետությունների առաջնորդների հավաքին, որտեղ կրկին կոչ է արվում ստեղծել թուրքական կայսրություն:

«Հյուսիսային Սիրիայում վերջին իրադարձությունները գործնական ապացույցն են այդ սարսափելի և դարերի ընթացքում մշակված ծրագրի: Նրանք դրանով հակադրության մեջ են մտնում իրականության մի պարզ ճշմարտության հետ՝ կայսրությունները, ինչպես նախապատմական կենդանիները, ապագա չունեն և դատապարտված են մահվան»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու հավելեց, որ եռօրյա գիտաժողովի աշխատանքները Արցախում շարունակելու հանգամանքը ևս մեկ անգամ կվերահաստատի, որ մեծապետական, կայսրական տրամադրություններն ապագա չունեն:

ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի և Ֆրանսիայի Լիլի համալսարանի օտար քաղաքակրթությունների, լեզուների և գրականության կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ Ֆրանսիայից, Հունգարիայից, Իսպանիայից, Սլովակիայից, Արցախից: Գիտաժողովի նպատակն է քննարկել նոր պետությունների կազմավորման մշակութային և քաղաքական հիմքերը, հասկանալ, թե ինչպես են կայացել ազգային պետությունները: Այս զարգացումներն անքակտելիորեն կապված են պատմական անցյալի նոր մեկնաբանության հետ:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը կարևորեց գիտաժողովի անցկացումը ոչ միայն բուհի, այլև ֆակուլտետի միջազգայնացման տեսանկյունից և ընդգծեց, որ սա ուսանողներին և դասախոսներին հնարավորություն կտա լսել նաև օտարազգի գիտնականների տեսակետները 20-րդ դարի կարևոր աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին:

«Երբ ասում ենք 20-րդ դար, 2 մեծ երևույթներ ենք նկատի ունենում՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները և կայսրությունների փլուզումն ու նոր պետությունների առաջացումը: Հայաստանն ապրում է մի տարածաշրջանում, որ վաղնջական ժամանակներից հանդիսացել է խաչմերուկ, ներառվել կայսրութունների մեջ: Մենք, ավելի քան այլ ազգեր, հասկանում ենք, թե ինչ է նշանակում լինել կայսրությունների կազմում՝ իր դրական և բացասական հետևանքներով»,-նշեց Էդգար Հովհաննիսյանը:

Ֆրանսիայի Լիլի համալսարանի դոցենտ Գարիկ Գալստյանն էլ ընդգծեց, որ սա հայ և ֆրանսիացի գործընկերներին միավորող հիանալի գիտական թեմա է. Հայաստանը երկար ժամանակ կայսրությունների մաս է կազմել, իսկ Ֆրանսիան այսօր Եվրամիության մաս է, մի կառույցի, որը կարելի է որակել որպես կայսրություն:

«Երբ տեղի են ունենում փոփոխություններ, դա հանգեցնում է նաև արժեքների փոփոխության: Մենք բոլորս եկել ենք եվրոպական երկրներից, որոնք ունեն արժեքների պարադոքս: Նրանք իրավունքի պաշտպան են, բայց միևնույն ժամանակ գաղութարարներ են, օգտագործում են երկակի արժեքներ իրենց կողմից գաղութացրած երկրներում»,-նշեց Գարիկ Գալստյանն ու հավելեց, որ կայսրությունների անկումը բերում է նոր բնույթի՝ քաղաքական, կրոնական, տնտեսական կայսրությունների ստեղծման. դրանք իրենց հերթին նույնպես դատապարտված են փլուզման:

Նա այն կարծիքին է, որ Բրեքզիտը կարելի է համարել Եվրամիության վերջի սկիզբը: Խոսելով կայսրություններում ինքնության տեղի մասին՝ Գարիկ Գալստյանը հավելեց, որ բազմազանությունը հարստություն է բոլորի համար և կայսրությունները պետք է համակերպվեն ավելի օրինական դառնալուն. «Անցյալի վերլուծությունը կարող է օգնել ներկան հասկանալու և ապագայի համար ուղենիշներ տալու համար»:

ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Սամվել Պողոսյանն էլ, խոսելով տարբեր կայսրությունների փլուզման պատճառների, դրանց հետևանքով ժողովուրդների ստացած անկախության մասին, ընդգծեց, որ Ռուսական կայսրության փլուզումը հնարավորություն տվեց վերականգնելու հայկական պետությունը: Հայաստանի առաջին հանրապետության հենքի վրա ստեղծվեց Խորհրդային Հայաստանը, ապա՝ այսօրվա երրորդ հանրապետությունը:

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնախմբերում և քննարկեցին, թե ինչպես են պատմագիտության մեջ ներկայացվել կայսրական, գաղութային անցյալի հետ կապերը, դրանց արտահայտումը «ազգային պատմությունն ընդդեմ կայսերական պատմության» բանաձևի միջոցով, փաստերի խեղաթյուրման, պատմական անցյալի նկատմամբ նոր մոտեցումները, որոնք դառնում են նորաստեղծ ազգերի համախմբման կամ ներքին բաժանման տարր:
Հայ և օտարազգի գիտանականներն անդրադարձան նաև ագային պատմագրության զարգացումը բնութագրող հիմնական միտումներին, ազգային և կայսերական պատմությունների վերանայմանը, հետգաղութային կամ հետկայսրական հասարակություններում անցյալի և ժամանակակից պատմությունների մեկնաբանման նոր մոտեցումներին և այլն:

«Կայսրությունների փլուզումը XX դարում. նոր պետություններ և նոր ինքնություններ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն Արցախում: